Այս էջը հաստատված է

որպեսզի մեր որոշ ծրագիրներն առաջ տանել կարողանանք։ Մի համեստ և մասնավոր թերթի հրատարակիչ կամ խմբագիր լինելը բավական չէ դեռ, որ մարդ հասարակության առաջ երևա։

— Ի՞նչ պետք է անել, ուրեմն, ձեր կարծիքով, — ընդհատեց Մոմճյանին խմբագիրը։

— Ի՞նչ պետք է անել, հապա ասացեք, — կրկնեց նույն հարցը Մոմճյանը, հարցական հայացք ձգելով ժողովականների վրա։

— Ի՞նչ պետք է անել. ասացեք, երևի դուք այդ մասին մտածել եք, — խոսեց կարճ մազերով և երկար քթով օրիորդը։

— Այո՛, ոչ միայն մտածել, այլև ահա՛ ամբողջ ամիս է, որ այդ նպատակով գործում եմ, և արդեն հասել եմ շատ արդյունավոր հետևանքի, — ինքնագոհ ժպիտով պատասխանեց Մոմճյանը։

— Բայց ի՞նչ եք մտածել և գործել, ասացեք, որ մենք էլ իմանանք, — անհամբերությամբ ընդհատեց Մովսիսյանը։

— Ահա թե ինչ. կուսակցություն, և այն հզոր կուսակցություն ստեղծելու համար մենք պետք է դիմենք ամբոխին և նրա հետ ձեռք ձեռքի տված գործենք։

— Նոր միտք, հրաշալի միտք, — բացականչեց խմբագիրը և հիացմունքով աչքերը սևեռեց Մոմճյանի վրա։

— Ամբոխի՞ն դիմենք, և այդ դո՞ւք եք ասում, պարոն Մոմճյան, — զարմացած բացականչեց երիտասարդ Մովսիսյանը, որ միշտ մի առանձին համակրությամբ էր նայել Մոմճյանի վրա իբրև մի շատ ազնիվ և բարձր գաղափարներով ապրող ու ոգևորվող մարդու վրա։

— Այո՛, ամբոխին, որովհետև նրա ուժը մեծ է, և եթե այդ ուժը մեր թիկունքում ունենանք, հավատացեք, որ մեր առաջ փակող բոլոր թումբերը կկործանենք։

— եվ դուք ձեր ձեռքը կտա՞ք ամբոխի մարդկանց, որ նրանց հետ միանաք, — գրգռված հարցրեց Մովսիսյանը: — եվ ինչո՞ւ չէ. կրթված և իսկապես ազատամիտ