Այս էջը հաստատված է

Կարծեմ Նալբանդյանի հեղինակությունն է, այնպես չէ՞, — ընդհատեց խմբագրին փոքրադեմ և փոքրահասակ օրիորդը։

— Ո՛չ, Նազարյանցի, — ուղղեց օրիորդի սխալը մի երիտասարդ։

— Կարծեմ երկուսդ էլ սխալվում եք. «Հյուսիսափայլ»-ը մի առանձին դիրք կամ հեղինակություն չէ, այլ օրաթերթ է, — խոսեց մի ուրիշը։

— Ո՛չ, կարծեմ շաբաթաթերթ է, — հարեց երրորդը։

— Ո՛չ, ո՛չ, նա հայտնի հեղինակություն է, — պնդեց խմբագիրը, — ես լավ հիշում եմ, իմ կարդացածս առանձին-առանձին հատորներով էր կազմած։

— Տեր աստված, այսքան էլ տգիտություն, — կամացուկ շշնջաց մի լռակաց երիտասարդ, կարծելով թե ոչ ոք չլսեց իրեն, բայց Մոմճյանի ականջին հասավ այդ շշունջը.

— Բարեկամներս, — ասաց նա, — այսօր, ես այնքան եմ հոգնել և ուղեղս այնպես է լարված, որ ոչ դատելու և ոչ դատողություններ տալու ցանկություն ունիմ. թողեք ձեր հակաճառությունը, եթե կարելի է և մի փոքր էլ զվարճախոսությամբ զբաղվեցեք: Այս խոսքերով նա կամեցավ փակել անաջող սկսած վիճաբանությունը։

Բայց «Նանա» կարդացող օրիորդը դարձյալ ընդմիջեց. — այսուամենայնիվ, պ. Մոմճյան, ցանկալի էր լսել ձեր կարծիքը «Հյուսիսափայլ»֊ի մասին։

— «Հյուսիսափայլ»֊ը, ինչպես պարոն խմբագիրն ասաց, մի ամսաթերթ էր, որ հրատարակվում էր Մոսկվայում Ստեփանոս Նազարյանցի խմբագրությամբ։

— Պ. խմբագիրն այդպես չասաց, — ճչալով նկատեց փոքրադեմ և փոքրահասակ օրիորդը։

— Չգիտեմ, կարծեմ ես այնպես լսեցի։

— Այսինքն ես... այո՛, սխալվեցա. իմ խոսքն, իսկապես, «Բազմավեպ»֊ի մասին էր. բայց երևի սխալմամբ «Հյուսիսափայլ» ասացի, — արդարացրեց իրեն խմբագիրը:

— «Բազմավեպ»-ի մասին... ի՞նչ բան է «Բազմավեպ»֊ը, — հետաքրքրությամբ հարցրեց ճչող օրիորդը։

— «Բազմավեպ»֊ը...

— Ի սեր աստուծո, վերջ տվեք այդ անօգուտ խոսակցությանը, —