— Հա՛, դե ասա, է՛, Վահան ջան. ինչպե՞ս ես Թիֆլիսը հավանում։
— Ամենից առաջ դու իմ տարակուսանքս փարատիր, ոչինչ չեմ հասկանում...
— Ինչ տարակուսանք, ի՞նչ չես հասկանում։
— Սա քո բնակարա՞նն է, թե՚ «Փնջիկ»֊ի խմբագրատունը։
— Իմ բնակարանն է, և միևնույն ժամանակ «Փնջիկ»-ի խմբագրատունը։
— Բայց ինչպե՞ս, դու քո բնակարանը վարձո՞վ ես տվել այդ խմբագրությանը։
— Ինչպե՛ս թե վարձով. խմբագրությունն իմը չէ', «Փնջիկ»-ի խմբագիրը ես չե՞մ։
— Ինչպե՛ս թե խմբագիրը դու ես,— հարցրեց Սարյանը կատարյալ զարմանքով։
— Վա, այ մարդ, աշխարհում չե՞ս ապրում. թերթի վրա իմ անունը չե՞ս կարդացել։
— Այո՛, կարդացել եմ «խմբագիր ու հրատարակիչ Մանուկ Շաշյան», բայց միշտ էլ կարծել եմ, որ դա մի ուրիշ Շաշյան է, և ոչ թե դու։
— Ինչո՞ւ։
— Որովհետև ես չէի կարող երևակայել, թե դու երբեվիցե հայոց թերթի խմբագիր կդառնաս և այն էլ Թիֆլիսում։
— Է՜, բարեկամ, հենց Թիֆլիսումն է, որ ամեն բան կարող ես դառնալ՝ և՛ խմբագիր, և՛ գրող, և՛ վիպասան, և՛ տեսուչ, և՛ վարժապետ...
— Առանց ուրեմն այդ բոլորի համար պատրաստվա՛ծ լինելու։
— Իհարկե, իհարկե։
Շատ հետաքրքրական նորություններ ես հաղորդում. ուրեմն ամենից առաջ պատմիր տեսնեմ, թե ի՞նչ ձևով խմբագիր դարձար։
— Իսկույն, սիրելիս, իսկույն, բայց առաջ մի նեղություն տամ քեզ։ Այս նամակը շուտով տպարան պիտի ուղարկվի, բայց նա անգրագետ լեզվով է գրված. նեղություն