Այս էջը հաստատված է

առանց Ժամանակ կորցնելու պատրաստվեց, անցագիր առավ և մի գեղեցիկ օր ուղղվեցավ դեպի Վրաստանի մայրաքաղաքն' այդտեղի մեծ մարդկանց շարքը մտնելու համար։

Խորամանկ վարժապետը շատ վշտացավ, որ յուր անխորհուրդ կատակի շնորհիվ զրկեց թե՛ իրեն և թե յուր ընկերներին «անհրաժեշտ մարդու» շնորհալի արբանեկությունից, բայց բանը բանից անցած էր. «անհրաժեշտ մարդուն» այլևս անկարելի էր վերադարձնել։

Թե այնուհետև ի՞նչ արավ Թիֆլիսում մեր «անհրաժեշտ մարդը», որ հայոց մեծապատիվ խմբագիրների կարգն անցավ, այդ մասին կարող է պատմել մեզ ինքը պ. Շաշյանը, որ Վահանի ձեռքով ուղղած նամակը տպարան ուղարկելով, այժմ նստել է նրա կողքին և կամենում է հայրենակցի հետաքրքրությունը գոհացնել։

— Դու ինձ հարցնում էիր, սիրելիս, թե ի՞նչ ձևով ես խմբագիր դարձա։ Այդ պատմությունը շատ էլ հետաքրքրական չէ, բայց ես կպատմեմ։

Նախ և առաջ պիտի ասեմ, որ խմբագիր դառնալու համար, որքան իմ փորձից կարող եմ դատել, մեծ դժվարություններ չկան։ Սխալ է այն կարծիքը թե՝ դրա համար առանձին պատրաստություններ են հարկավոր, թե խմբագիր եղող մարդը պետք է անպատճառ բարձր կրթության տեր լինի, լուրջ և բազմակողմանի զարգացումն ունենա և այլն, և այլն։ Ապացույցն ահա՛ ես. դրանցից և ոչ մեկն ունիմ, բայց և այնպես խմբագիր եմ։ Ո՞վ կարող է հերքել կենդանի իրողությունը։ Հիշածս պատրաստությունները կարող են հարկավորվել, այո՛, մի գրողի, մի վիպասանի, դպրանոցի մի տեսչի, առևտրական տան մի կառավարչի և այլն։ Իսկ խրմրագրին, մանավանդ հայոց խմբագրին, միայն երկու բան է հարկավոր՝ նախ ճարպկություն և ապա փող. այդ երկուսն այնպիսի զենքեր են, որոնցով կարելի է մտնել հրապարակախոսական ասպարեզ ամենայն համարձակությամբ։

— Դու կարծեմ քո կարծիքների մեջ չափազանցության ես հասնում, բարեկամ, եթե խմբագիր լինելու համար հիշածդ պատրաստությունները չհարկավորվեին, խմբագիրներն այսքան մեծ պատիվ ու հարգանք չէին վայելիլ: