Այս էջը հաստատված է

պարտավորություն է դնում բարոյապես վարձատրել նրան, այսինքն, եթե նա այդ սկզբնական ծախքի հետ միասին կկարողանա հոգալ նաև տարվա ընթացքում լինելիք հրատարակչական մնացորդ ծախքերը, որոնք իմ կարծիքով, շատ աննշան պիտի լինին, այդպիսով նա կլինի թերթի հրատարակիչը: Մի անգամ արդեն ինքը լինելով հրատարակիչը, անարդարություն է, որ խմբագիրն ուրիշը լինի: Ուրեմն համաձայնվենք, որ պ. Շաշյանը, նոր թերթի հրատարակիչ լինելով հանդերձ, լինի նաև խմբագիր։ Մենք բոլորս, իհարկե, հավասարապես կօգնենք թերթին մեր գրավոր աշխատություններով և հավասար իրավունք կունենանք նրան ուղղություն տալու գործում, բայց հրատարակչի և խմբագրի անունը կվայելե պ. Շաշյանը»։ Մոմճյանի այս առաջարկությունն ընդունվեցավ ժողովականներից ծափահարությամբ։

Մի րոպե ես մնացի շփոթված և կամենում էի անկեղծորեն խոստովանել իմ անկարողությունը և անընդունակությունը խմբագիր-հրատարակիչ լինելու վերաբերմամբ։ Բայց հանկարծ հիշելով ձեր զվարճախոս վարժապետի այն խոսքերը թե՝ «դու կարող ես մեծ մարդ լինել, Մանո'ւկ...», լռեցի և ի նշան համեստ համաձայնության, աչքերս խոնարհեցի գետին։

Այնուհետև Մոմճյանը ամեն ինչ ինքն իրեն հոգաց։

Խնդիրը գրեց, ուղարկեց, հրատարակության իրավունքն ստացավ, ես ոչ մի բանի չէի խառնվում։ Բայց չէ, ներողություն. խնդիրը ես ստորագրեցի։ Հետո մի գեղեցիկ օր մեր բարեկամներից մի քանիսը Մոմճյանի առաջնորդությամբ եկան ինձ հայտնելու, որ արդեն իմ խմբագիր-հրատարակիչ լինելու իրավունքն ստացված է և շնորհավորեցին ինձ իբրև «Փնջիկ»֊ի խմբագրին։ Դրա փոխարեն էլ ես նրանց բիսկվիտով շոկոլադ խմացրի։

Ահա՛ այս է իմ խմբագիր դառնալու համառոտ պատմությունը։

Երիտասարդ Սարյանը բոլոր ժամանակ մտախոհ աչքերով դիտում էր Շաշյանին. բոլոր այս պատմությունը լսելով նա մնացել էր զարմացած, և չգիտեր հավատա՞ր յուր խոսակցին, թե ոչ։ Ասենք թև նրա պատմածների մեջ մի