Սենյակի պարապ տեղերում շարված էին մի քանի հատ դեղին աթոռներ, իսկ մահճակալի մոտ` մի աղքատիկ լվացարան և մի փայտաշեն կախարան, որի վրա բարձված էին տանտիրոջ վերարկուն և հին ու նոր հագուստները։
Այս բոլորն աչքից անցցնելուց ետ` Սարյանը հիշեց չաչանակ Սերգոյի «Արդար քրտինքով ապրողների թեյարան»֊ում իրեն ասածը թե՝ «Մոմճյանը մինձ օջախի վուրթի է» և զարմացավ, որ նրա բնակարանը բնավ մեծ օջախի որդուն վայել բնակարանի նման չգտավ։
— Հանցանքն իմս չէր, որ դուք քսան րոպե անօգուտ տեղը սպասեցիք,— աշխատությունը վերջացնելով ժպտադեմ դարձավ Մոմճյանը Սարյանին.— մեզ մոտ րոպեներն ու ժամերը հաշված են, և յուրաքանչյուր գործի որոշ ժամեր են հատկացված։
— Ներեցեք, որ առաջին անդամն եմ ձեր այդ գեղեցիկ կանոնի հետ ծանոթանում, մյուս անգամ կաշխատեմ ավելի ճշտապահ լինել,— պատասխանեց Սարյանը թեթև շառագունելով։
— Վնաս չունի, վնաս չունի. ես միայն ինձ կամեցա արդարացնել, այժմ գործին անցնենք։ Խնդրեմ վերցրել աթոռդ և մոտ նստեցեք։
Սարյանը վերցրեց աթոռը և մոտեցավ։
— Այժմ բացատրենք, թե ձեր պաշտոնի վերաբերմամբ ի՞նչ պարտավորություններ և ի՞նչ իրավունքներ պիտի ունենաք,— խոսել սկսավ Մոմճյանը.— Դուք վաղվանից նշանակվում եք գլխավոր աշխատակից և իսկական քարտուղար «Փնջիկ» թերթի խմբագրության։ Ձեր պարտավորությունը կլինի, առաջին` խմբագրության մեջ ստացված բոլոր թղթակցությունները, հոդվածները, բանասիրականները և տեղեկությունները կարդալ, ուղղել և կարգավորել, իսկ նրանց մեջ պատահած օտար և աղավաղյալ ոճերն ու դարձվածքները վերածել մաքուր և գեղեցիկ հայերենի, ինչպես և լրատուների բերած լուրերը լսելով՝ նրանց պատմածը գրի առնել մաքուր հայերեն լեզվով։ երկրորդ՝ գրել զանազան նյութերի վերաբերմամբ հոդվածներ և եթե կարող եք՝ զրույցներ, պատկերներ, վիպակներ և ժամանակով, ո՞վ