աչքերը սևորակ և կրակոտ, ժպիտը անուշ և կախարդող... Ամեն անգամ, երբ անցնում էինք պարտիզի առջևից, նա կարծես դիտմամբ երեսը դարձնում էր դեպի փողոց, և ապա փոքրիկ, արծաթափայլ ցնցուղը ձեռքին մոտենում էր ցանցառ վանդակապատին և նրա ուղղությամբ ծածանվող շահոքրամները ջրում ծանր և հանդարտ։ Այդ միջոցին նա մերթ ընդ մերթ յուր դիցական հայացքը ձգում էր մեզ վրա... օ՛հ, որքա՛ն կյանք, որքա՛ն կրակ կային այդ զույգ աստղերի նման վառվող աչքերի մեջ...
Եվ ես սիրահարվեցա այդ գեղեցկուհու վրա։ Այդ պատճառով էլ գրեթե ամեն օր, որոշյալ ժամում, անցնում էի Կոլինայով, բայց, իհարկե, միշտ Արդուկյանի հետ: Սովորաբար, երբ հասնում էի ինձ սիրելի դարձած պարտիզի վանդակապատին, քայլերս հարմարեցնում էի և սկսում անհագ աչքերով դիտել գեղեցիկ օրիորդի գեղեցկագույն շարժումները։
Զգում էի, որ սերը օրըստօրե բորբոքվում է. կարևոր պարապմունքի ժամանակ անգամ սկսում էի մտածել նրա վրա։ Այս դրությունը պետք չէր անուշադիր թողնել, ուստի մի օր, մինչև անգամ որոշեցի առաջարկություն անել գեղեցկուհու հորը՝ յուր դստեր հետ ամուսնանալու։ Բայց ամենից առաջ կարևոր համարեցի դիտավորությունս իմ՝ մտերիմ Արդուկյանին հայտնելու և նրա կարծիքն իմանալու։
— Այդ աղջիկը չի համաձայնվիլ քեզ հետ ամուսնանալ, իզուր հույսերով մի պարարիր քեզ,— պատասխանեց Արդուկյանը սառնությամբ։
— Ինչո՞ւ չի համաձայնվիլ, — զարմացմամբ հարցրի ես, — չէ՞ որ ես դեռ երիտասարդ եմ, համալսարանական, հարուստ ծնողաց ժառանգ...
— Այդ ես գիտեմ, բայց նա կմերժե քո առաջարկությունը:
— Բայց ինչո՞ւ համար. պատճառն ասացեք։
— Պատճա՞ռը, որովհետև դու սապատող ես,— նկատեց Արդուկյանը միևնույն սառնությամբ։
Երկինքը կարծես փուլ եկավ գլխիս. այդպիսի խոսք