Այս էջը հաստատված է

Ինչո՞ւ համար եք հարցնում:

— Որովհետև չգիտեմ, իսկ ինձ հարկավոր է այդ գիտենալ, քանի դեռ իմ պաշտոնը չեմ ստանձնել:

— Խմբագիրը պ. Շաշյանն է. մի՞թե չեք կարդացել նրա անունը թերթի վրա,— ժպտալով պատասխանեց Մոմճյանը»:

— Կարդացել եմ, բայց չեմ հավատում:

— Կարդացել եք և չե՞ք հավատում, այդ ի՛նչ է նշանակում»:

— Ես անկեղծ մարդ եմ, պ. Մոմճյան, և ներեցեք, որ անկեղծությամբ պիտի խոսեմ» Շաշյանն իմ հայրենակիցս է. ես նրան ճանաչում եմ: Նա ոչ թե խմբագիր, այլ հազիվ խմբագրության մի սպասավոր լինելու արժանիք ունի։ Արդեն երևում է, որ նա ձեր խմբագրության մեջ էր խրտվիլակի դեր է կատարում, իսկ ձեր այսօրվա մի քանի խոսքերից արդեն ես գուշակեցի, որ «Փնջիկ»֊ի վերաբերմամբ գերակշռող ձայնն ու իրավունքը ձեզ է պատկանում: Արդ, ինձ անհանգստացնելու չափ հետաքրքրում է ա՛յն հանգամանքը թե՝ ինչո՞ւ թերթի խմբագիրը և հրատարակիչը Շաշյանն է, մինչդեռ բուն տերը, ես կարծում եմ, դուք եք:

Մոմճյանը սեղանի վրա դրած թուղթը խազխզում էր և չէր խոսում։

— Գուցե դա մի գաղտնիք է, որ ինձ անկարելի է հայտնել,— շարունակեց Սարյանր,— բայց ես էլ, թույլ տվեք ասել, չեմ կարող ծառայել այնպիսի մի խմբագրության, որի գլուխր Շաշյանն է։

— Որովհետև ես ձեզ «մտերիմ բարեկամ» անվանեցի, այդպես էլ պիտի ընդունեմ մինչև վերջ: Ուստի ձեզ, իբրև մտերմի, ամեն ինչ պիտի խոստովանեմ անկեղծությամբ։

Շաշյանին արդեն ճանաչում եք, և, անշուշտ, ավելի լավ, քան ես, որովհետև նա ձեր հայրենակիցն է և նրա անցյալին տեղյակ եք դուք»: Բայց թե ինչու նա «Փնջիկ»-ի խմբագիրն է, պատճառը հետևյալն է:

Պետք է ձեզ ասեմ, որ ես, առհասարակ, փառասեր չեմ: Շատ մտքեր ինքս հղացել, շատ գործեր ինքս ստեղծել և առաջ եմ տարել, բայց երբեք չեմ աշխատել, որ գործի հեղինակ կամ հիմնադիր հռչակվիմ: