Այս էջը հաստատված է

Բավական է, որ մի գործ իմ ձեռքով ծնունդ է առել, մեծացել ու բարգավաճել է. դրանով ևս ինձ արդեն վարձատրված եմ համարել, Այնուհետ և թեկուզ ուրիշները հափշտակել են ինձ հասանելի պատիվն ու փառքը, այդ ինձ չի վրդովել, որովհետև ինքս այդ բաները ստանալու չեմ ձգտել։

— Այդ մեծանձնությունը պատիվ է բերում ձեզ:

— Այո՛ , բարեկամս, ինքս արդեն գոհ եմ լինում, երբ կարողանում եմ մեծանձնությամբ գործել։

Բայց դառնանք խնդրին։

«Փնջիկ»-ը հրատարակելու գաղափարն ես հղացա։ Ինքս էլ, իհարկե, կարող էի այդ թերթի թե՛ հրատարակիչը և թե՛ խմբագիրը լինել։ Բայց մտածելով, որ եթե գործն իմ անվամբ լինի, այնուհետև չպիտի կարողանամ նրա ապահովության համար ցանկացածս չափով աշխատել— որովհետև միշտ ավելի հեշտ է լինում ուրիշի, քան սեփական գործի համար բարերարներ գտնելը, նպաստ հավաքելը, օժանդակություն խնդրելը և այլն — ուստի որոշեցի, որ թերթի խմբագիրն ուրիշը լինի, որպեսզի ես եռանդով գործելու ազատություն ունենամ։ Այդ ժամանակներում իմ գաղափարակիցներից մինն ապրում էր Շաշյանի հետ, որին և կալվածատեր հարուստի տեղ էր ընդունում, որովհետև Շաշյանն ինքն այդպես էր ցույց տվել իրեն։ Երբ իմացա, որ այդ պարոնը, հարուստ լինելով հանդերձ, նաև ազգային գործերով հետաքրքրվող մեկն է, աշխատեցի ընկերոջս միջոցով գրավել նրան մեր կողմը։ Եվ առաջին անգամ, պետք է խոստովանել, շատ ուրախացա արածս գյուտի վրա։ Որովհետև այդ երիտասարդին գտա ըստ ամենայնի հարմար և պիտանի մեր շատ գործերի համար։

— Զարմանում եմ. մի՞թե աոաջին անգամից իսկ չկարողացաք ճանաչել, որ դա ապուշին մեկն է։

— Ինչպե՜ս չէ. ճանաչեցի, բայց ինձ հենց այդ տեսակ մարդ էր հարկավոր։

— Ինչո՞ւ, չեմ հասկանում։

— Ահա՛ թե ինչու։ Այդ մարդը վերին աստիճանի համարձակ, ակնածել չգիտցող, ամենքի հետ բարեկամացող,