Երիտասարդը մտածում էր երկար, հաշվում էր, կշռում էր և վերջ ի վերջո գալիս ա՛յն եզրակացության, որ իզուր է ինքն իրեն տանջում։ Օրիորդի կողմից նա չունի մի առհավատչյա, որ իրավունք տար իրեն հավատալու, թե նա քնքուշ զզացմունքներ է տածում յուր համար, թե նա սպասում է սիրո խոստովանության։ Հետևապես առանց այդպիսի առհավատչյայի նամակ գրել նրան և դեռ նամակի մեջ էլ գողտր զգացմունքների մասին ակնարկել, այդ կլինի ամենամեծ անպատեհություն, եթե չասե անպարկեշտություն։ Այս պատճառով նա որոշեց օրիորդի մոր հասցեին ուղղել լուր նամակը, որի մեջ, ի միջի այլոց, գրում էր հետևյալ
«Ազնիվ տիկին․»
«Իմ վերջին հրաժեշտի ժամանակ պատվիրեցիք ինձ հաղորդել Ձեզ Թիֆլիսի մասին տեղեկություններ. հայտնել թե ո՞ր աստիճան այս քաղաքն իմ երևակայածի համաձայն գտա, թե տեղական հայերը և ազգային հաստատությունները ո՞ր աստիճան արժանի են իրենց համբավին և թե վերջապես իմ գործունեության համար ի՞նչ ճանապարհ ընտրեցի։
«Առաջին և երկրորդ կետերի վերաբերմամբ հղորդելիքս թերի պիտի լինին, որովհետև հազիվ մի շաբաթ է ինչ գտնվում եմ այստեղ, հետևապես ամեն տեղ տեսնելու և ամեն ինչ հետազոտելու ո՛չ ժամանակ և ո՛չ հնարավորություն ունեի։ Այսքանը միայն կարող եմ ասել, որ Թիֆլիսը իսկ և իսկ Կովկասի մայրաքաղաք է, որովհետև, որքան իմ տեսածով և լսածով կարող եմ դատել, նա ամփոփում է յուր մեջ այն ամենը, ինչ որ այդ երկիրն ունի իրեն սեփական' սկսած գեղեցկից, հաճոյականից և օգտավետից' մինչև տգեղը, գարշելին և վնասակարը։ Հետևապես բարվո և չարի ճանապարհներն իսկությամբ որոշել ցանկացող մի նորեկի համար միշտ դժվարություններ կան այստեղ։ Անկարելի է առաջինը որոնելու ժամանակ երկրորդին չհանդիպել։Թիֆլիս մտնելուս երկրորդ օրը այնպիսի մի