Այս էջը հաստատված է

ԺԱ

Ո՞վ էր Մոմճյանը

Նա բնիկ Թիֆլիսցի էր, հասարակ ծնողների զավակ։ Հայրը, որ ուսում սիրող մարդ էր, կարողացավ յուր փոքրիկ խնայողությունից մասն հանել Հակոբի համար այնքան, որ նա գիմնազիոնի ուսումը կարողանա ավարտել։ Երիտասարդը, որ ի բնե ուշիմ, ժրաջան և աշխատասեր էր, մեծ առաջադիմություն ցույց տվավ ուսման մեջ և հաջողությամբ էլ ավարտեց։ Հայրը, որ հին հայերից լինելով հայերեն չգիտեր և չէր խոսում, վշտանում էր սակայն, որ գիմնազիոնավարտ որդին, իրեն նման, երկու հայերեն խոսք իրար հետ կապել չգիտե։ Ուստի խորհուրդ տվավ նրան մի փոքր ժամանակ էլ հայերեն սովորել։ Բայց որդին կարևորություն չտվավ յուր այդ թերությանը, անուշադիր թողեց նաև հոր խորհուրդը։ Նա աշխատում էր առաջ գնալ, իսկ հայերենի համար ժամանակ կորցնել՝ այն ժամանակվա կարծիքով հետադիմել կնշանակեր։

Այդ պատճառով գիմնազիոնն ավարտելուց ետ, նա անմիջապես Ռուսիո հին մայրաքաղաքն ուղևորվեց, այնտեղի համալսարանը մտնելու համար։

Մայրաքաղաքի մեջ շուտով նա գտավ բարեսիրտ ընկերներ, որոնք նրա համալսարան մտնելու սկզբնական պատրաստությունների մասին հոգացին։ Մոմճյանը մտադիր էր բժիշկ դառնալ, որովհետև Կովկասի երիտասարդության սիրած ու փայփայած իդեալը բժշկությունն էր. ըստ որում նա ճանաչված էր իբրև ամենից ավելի հաստատ հաց տվող մասնագիտություն։

Երիտասարդ Մոմճյանն այդ մասնագիտությունն էլ ընտրեց և ուշագրավ աշխատասիրությամբ հաճախում էր բժշկական կաճառի դասախոսություններին։

Սակայն, ա՛յն բարեսիրտ ընկերները, որոնք սկզբում նրա համար ամեն բան հոգացին, մինչև վերջն էլ ձեռքից չթողեցին նրան և իրենց պարզ բարեկամությունը հետզհետե փոխեցին ընկերական մտերմության։