— Լռում էի գործի սիրույն համար, ապա թե ոչ նրա կոպտությունը վաղուց զզվեցրել էր ինձ։
— Ես այդ չգիտեի։
— Ինչո՞ւ չգիտեիք, ինքներդ հո մի քանի անգամ հաշտության միջնորդ եք եղել նրա և Շաշյանի մեջ։
— Այո՛, բայց Շաշյանը...
— Հասկանում եմ, կամենում եք ասել, որ Շաշյանը հիմարին մեկն է։ Իրավունք ունիք։ Բայց Մովսիսյանը նրանից ոչնչով ավելի չէ։
— Այդպես մի՛ խոսեք խնդրեմ, ես վիրավորվում եմ:
— Վիրավորվո՞ւմ եք... և ինչո՞ւ։
— Պատճառը գաղտնիք է։
— Այսուամենայնիվ ինձ նման բարեկամին կարող եք հայտնել։
— Եթե խոստովանանք պահեք։
— Ի՞նչ խոսք է այդ։
— Մովսիսյանը իմ փեսացուն է:
— Ձե՞ր փեսացուն։
— Այո՛:
— Օ՜, այդ նշանավոր գաղտնիք է. շնորհավորում եմ։
— Շնորհավորեցեք, բայց առանց կատակի։
— Շնորհավորում եմ առանց կատակի, բայց, ասացեք խնդրեմ, օրիորդ Շուշանը համաձա՞յն է ձեր ընտրությանը։
— Շուշանը սիրում է Մովսիսյանին։
— Անկարելի է։
— Հաստատ խոսք եմ ասում։
— Զարմանում եմ։
— Մովսիսյանն էլ Շուշանին է սիրում։
— Այդ, ասենք, զարմանալի չէ. ձեր աղջիկը այնպիսի առավելություններ ունի, որ Մովսիսյանից ավելի արժանավոր երիտասարդներ էլ կսիրեին նրան։ Զարմանալին ա՛յն է, որ Շուշանը հավանել է Մովսիսյանին։
— Ինչո՞ւ չպետք է հավաներ։
— Ես ոչ ոքի մասին վատ խոսել չեմ կարող, բայց, իբրև ձեր տան բարեկամ, խորհուրդ կտամ, որ աշխատեք հեռացնել ձեզանից այդ երիտասարդին։