Մոմճյանը խոստացավ բերել նրան։ Նույն ավուր երեկոյան, տիկին Մարթայի մեզ ծանոթ հյուրասենյակում, սպասում էին պ. Սարյանին տանտիրուհին, յուր աղջիկը և խմբագիր Շաշյանը։ Վերջինս վաղօրոք պատվեր էր ստացել Մոմճյանից այն եղանակով խոսել Սարյանի մասին, ինչ եղանակով որ ինքն էր խոսացել։ Ուստի տիկ. Մարթան սրանից էլ նույնպիսի գովություններ լսեց նորեկի մասին, ինչպես Մոմճյանից էր լսել։ Այդ պատճառով սպասում էր Սարյանին գրեթե անհամբերությամբ։
Ինչ օրիորդ Շուշանին էր վերաբերում, նա առայժմ հանգիստ նստած և դեպի լսածները անտարբեր, մտածում էր միայն Մովսիսյանի մասին, որին համոզված էր թե սիրում է ջերմությամբ։ Մոր այն հայտարարությունը, թե սպասում է լավագույն փեսայի, աղջկա սրտին ոչ մի հուզում չպատճառեց, որովհետև Շուշանը թեպետ մոր խոսքերը լսում և հրամանները կատարում էր, բայց յուր սրտում, ոչ հարգում էր նրան և ո՛չ նշանակություն էր տալիս նրա խոսքերին։ Նա ուներ յուր սեփական աշխարհը, որի մեջ առանձնացած ապրում էր ինքը մեն-միայնակ։ Վերջին ժամանակները միայն առ ի չգոյե մի սրտակցի նա սկսեց մտերմանալ Մովսիսյանի հետ և յուր սրտում ծածկած գաղտնիքները երբեմն-երբեմն բանալ նրան։ Այդ գաղտնիքներից մինը օրիորդի դեպի Մոմճյանն ունեցած ատելությունն էր, որը գնալով սաստկանում էր և որից իսկապես գրգռված Մովսիսյանը, կռվեց Մոմճյանի հետ և «Փնջիկ»-ի խմբագրությունից հեռացավ։
Ի՞նչն էր պատճառը, որ օրիորդը արհամարհում էր մորը և ատում էր Մոմճյանին, դա էլ մի գաղտինք էր, որը խեղճ աղջիկը թաքցնում էր յուր սրտում՝ առանց, նույնիսկ, Մովսիսյանին հայտնել կարողանալու։ Վերջինը այսքան միայն գիտեր, որ Շուշանը ատում է Մոմճյանին և այն՝ այս ու այն սովորական պատճառներով, ուստի ինքն էլ սկսել էր ատել նրան. բայց թե օրիորդը մորն էլ արհամարհում էր, այդ չգիտեր որովհետև Շուշանը երդվել էր բուն գաղտնիքը ոչ ոքի չհայտնել և յուր հետ գերեզման տանել։
Մենք էլ, ուրեմն, նրա որդիական պատվասիրությունը հարգելով, կլռենք այս մասին, որովհետև տգեղ և ազնիվ