Այս էջը հաստատված է

ճաշակը վիրավորող նորություններն ավելի լավ է ծածկել, քան երևան հանել...

Վերջապես Մոմճյանը եկավ բերելով յուր հետ Վահան Սարյանին, որին և ծանոթացրեց թե՛ տանտիրուհու և թե՛ օրիորդի հետ:

Տիկին Մարթան Մոմճյանի պատմածից ավելի գեղեցիկ գտավ նորեկ երիտասարդին. իսկ Շուշանը գրեթե հիացած սկսեց դիտել նրա բարձր ու բարեձև հասակը, դեմքի առնական գեղեցկությունը, խելոք ու գրավիչ աչքերը, ազդու հայացքը, աղու ժպիտը, լայն ու ազնիվ ճակատը, բնիկ սյունեցու թուխ գանգրավոր մազերը և ի վերջո այն գրավիչ համեստությունը, որ կրկնակի փայլ ու շուք էր տալիս նրա ընդհանուր գեղեցկությանը։

Տիկին Մարթան յուր սովորական ճարտարախոսությամբ սկսեց զբաղեցնել հյուրին և խոսակցությունն ընդհանրացնել։ Մոմճյանն յուր կողմից օգնում էր նրան, իսկ Շաշյանը աշխատում էր հիմար կարծիքներ չհայտնել։ Ինչ օրիորդ Շուշանին է վերաբերում, նա դեռ շարունակում էր դիտել գեղեցիկ երիտասարդին և հիանալ նրանով. այդ հիացումը ավելանում էր, մանավանդ, երբ երիտասարդը սկսում էր խոսել յուր մեղմ ու համոզկեր ձայնով և խելոք ու հակիրճ պատասխաններ էր տալիս իրեն առաջարկված հարցերին։

Վերջապես տիկին Մարթան զրկեց Շուշանին նորեկ երիտասարդին շարունակ դիտելու հաճույքից, հրամայելով նրան թեյ բերել հյուրերի համար։

Օրիորդը շտապեց կատարելու մոր հրամանը, և այս անգամ առանց դժգոհության, որովհետև թեյ վայելողների մեջ կար գոնե մեկը, որին նա արժանավոր անձն էր համարում։ Բայց այստեղ, յուր առանձնության մեջ, նա մտաբերեց հանկարծ Մովսիսյանին և դատապարտեց իրեն, որ մի անգամ արդեն այդ երիտասարդին սիրելուց ետ՝ թույլ է տալիս իրեն մի ուրիշ երիտասարդի գեղեցկության վրա ուշադրություն դարձնելու, որը յուր կարծիքով, հանցանք գործելու հավասար է։


Այսուամենայնիվ, երբ նա թեյը ձեռքին նորից հյուրասենյակը մտավ, յուր աչքերն ամենից առաջ նորեկ երիտասարդի