Այս էջը հաստատված է

անհամբեր, շուտ բարկացող, կռվասեր է. և թե պսակվես նրա հետ, կարող է պատահել, որ շատ նեղություններ պատճառե քեզ. դու նրա այժմվա վարմունքից մի խաբվիր.բոլոր երիտասարդները այդպես են. ամուրի ժամանակ մեղր ու շաքար են երևում, բայց հենց որ պսակվում են, լեղի ու քացախ են դառնում։

— Միևնույնն էլ այս պարոնը չի՞ դառնալ։

— Չէ. սրա դեմքից ու աչքերից երևում է, որ մեղր ու շաքար էլ կմնա, լավ տղա է. սրա մեկ բոյ ու բուսաթը տասը Մովսիսյան արժե։ Դու էլ աչքեր ունես, տեսնում ես չէ՞։

— Դու հենց տղայի մասին ես խոսում, մի չես հարցնում թե քո աղջկան էլ հավանող կա՞, թե ոչ։

— Իմ աղջկան ո՞վ չի հավանիլ. փառք աստուծո, ի՞նչ պակասություն ունիս. թե մի տասից ցածր ես, քսանից էլ բարձր ես,— աշխուժով նկատեց տիկին Մարթան, բայց հետո ինքն յուր խոսքին կարծես չհավատալով նայեց աղջկան, համեմատեց նրան նորեկ երիտասարդի հետ և ընկավ մտածմունքի մեջ։

«Իրավ, այս բանի համար չխոսացինք,— մտածում էր տիկինը.— գուցե այդ տղան չհավանեց Շուշանիս, ինչո՞ւ Մովսիսյանին հեռացնեմ, թող առաջ Մոմճյանը հաստատ խոսք տա ինձ, որ յուր բարեկամը կուզե իմ աղջկան, այն ժամանակ Մովսիսյանին կհեռացնեմ ...»։

Այս մտադրությամբ նա կամենում էր կանչել Մոմճյանին՝ մեկ էլ հանկարծ միտքը փոխեց.— «Ո՞վ կարող է իմ ձեռքից խլել այդ տղային, կամ ինչպե՞ս կարող է նա իմ ճանկերից ազատվել։ Թող մի իմ տունը մտնի, թող ապրի ինձ մոտ մի ամիս, հետո տեսնեմ ինչպե՞ս չի ուզում իմ աղջկան...»,— մտածեց տիկին Մարթան և վերջապես որոշեց յուր աղջկա բախտը։

— Հա՛, հիմա ի՞նչ ես ասում,— դարձավ նա Շուշանին։

— Ի՞նչ պիտի ասեմ, իմ ասելիքս ասացի, առաջ տղայի կամքը պիտի հարցնես...

— Դրա մասին մի՛ մտածիլ. նա քո փեսացուն կլինի»— վճռաբար խոսեց մայրը։