— Հետո այն, որ մենք վառոդը կրակին շատ ենք մոտեցրել։
— Ի՞նչ կնշանակե այդ։
— Այդ կնշանակե այն, որ մեր աշխատակցի և օրիորդի մեջ խիստ մտերմական հարաբերություններ են սկսվել:
— Մտերմական հարաբերություննե՞ր։
— Այո՛, որ շատ նման է սիրահարության, և ես կարծում եմ, որ այդ բանը էսօր-էգուց կնկատե տիկ. Մարթան և յուր աղջկա պատիվը վտանգից ապահովելու համար կստիպե Սարյանին հեռանալ յուր տնից։
Մոմճյանը ծիծաղեց։
— Ինչո՞ւ համար եք ծիծաղում, չե՞ք հավատում ինձ,— հարցրեց Շաշյանը։
— Ոչ, հավատում եմ, բայց ծիծաղում եմ նրա համար, որ մի կարծեցյալ սիրահարություն վախեցրել է ձեզ։
— Կարծեցյա՞լ. սխալվում եք. ես դիտում էի նրանց քայլերը ուշադրությամբ, իմ սրատես աչքերից ոչինչ չի թաքչիլ։ Թե՛ ճաշի վրա և թե՛ թեյի ժամանակ օրիորդն ու Վահանը շարունակ միմյանց են նայում և այն սիրալիր աչքերով, քաղցր ժպտալով, անուշեղենները հրամեցնում են միմյանց. իրար հետ վերին աստիճանի քաղցր և քաղաքավարի են վարվում, վերջապես ո՞ր մեկն ասեմ։
— Դրանք դեռ սիրահարության ապացույցներ չեն, ուրիշ ինչ եք նկատել, պատմեցեք։
— Այսօր ճաշից ետ օրիորդը երգում էր յուր սենյակում, և ես նախասենյակից որոշակի լսեցի նրա երգի մեջ Վահանի անունը։
— Այդ էլ ոչինչ. ուրիշ ի՞նչ գիտեր։
— Ավելի վտանգավոր նորություն գիտեմ. Վահանը հաստատապես սիրում է օրիորդին։
— Ի՞նչ փաստ ունիք դրա համար։
— Երեկ ներս մտա Վահանի սենյակը և տեսա, որ նամակ էր գրում, այդ նամակի առաջին տողը աչքիս ընկավ, ուր գրված էր՝ «Ազնիվ օրիորդ»։
— Ի՞նչ դուրս եկավ դրանից։
— Հարցրի թե ո՞ւմն եք գրում, նա ծիծաղելով