Այս էջը հաստատված է

պատասխտնեց թե՝ մի օրիորդի, որի հետ խոսել չեմ կարողանում, ուստի մտքերս նամակով եմ հաղորդում նրան:

— Եվ կատակ չէ՞ր անում։

— Ո՛չ. նա մինչև անգամ շառագունեց վերջին խոսքերը արտասանելու ժամանակ։

Մոմճյանը առհասարակ Շաշյանի հաղորդած նորություններին նշանակություն չէր տալիս, բայց այս անգամ նրա խոսածների մեջ ուշադրության արժանի կետեր նշմարեց. ուստի և ուրախացավ տեսնելով, որ յուր նախագծած ծրագիրն իրագործվում է. այսինքն Վահան Սարյանը ամենաբնական ճանապարհով սկսում է մտերմանալ օրիորդ Շուշանի հետ։ Մոմճյանի նպատակն էլ այդ էր, որովհետև հենց այդ մտերմությունը պիտի կապեր այն հանգույցը, որին ինքը անլուծելի անունն էր տալիս, և որը Սարյանին պիտի ստիպեր Մոմճյանի ստեղծած շրջանում ապրելու։

ԺԳ

ԾՂԱԼՈԲԻ ԵՐԱԶԸ ԿԱՏԱՐՎԵՑ

Հակոբ Մոմճյանը գործի մարդ էր, ուստի ժամանակը անօգուտ վատնել չէր սիրում։ Համոզվելով, որ երիտասարդ Սարյանը արդեն իրենց շրջանի մարդն է և յուր պատրաստած «անլուծանելի հանգույցովն» էլ կապված է, այնպես, որ հեշտությամբ իրենց ձգել ու հեռանալ չի կարող, ուստի որոշեց հետզհետե ծանոթացնել նրան յուր թաքուն նպատակներիների հետ և ըստ կարելվույն, ծառայեցնել նրա ուժերը այդ նպատակները իրագործելուն։

Այս դիտավորությամբ նա մի երկու անգամ հրավիրեց Սարյանին յուր բնակարանը և երկար խոսակցեց նրա հետ յուր հեռավոր նպատակների մասին։ Իհարկե, նա դեռ չհայտնեց նրան այն գաղտնիքը, որ ինքը անդամ է «Մտերիմների» այն ընկերության, որի իդեալները տարբեր են հայ երիտասարդության իդեալներից, որը արհամարհում է ազգային նեղսիրտ հայացքները և ձգտում է առավել լայն համաշխարհային հայացքներ ստեղծելուն ու տարածելուն: Այդ տեսակ