Այս էջը հաստատված է

գաղտնիքներ հայտնելը դեռ վաղ էր. Սարյանի ստացած կրթությունը, զարգացումը և հայրենասեր հոգին «Մտերիմների» աշխարհայեցողությունը ըմբռնել և մարսել չէին կարող։ Այդ հասկանում էր Մոմճյանը, այդ պատճառով էլ դեռ իրեն Սարյանի աշխարհայեցողության համակիր ոմն էր ներկայացնում։

Բայց ինչ վերաբերում է հասարակության մեջ գործելու եղանակներին, նա նրանց հետ ծանոթացրեց Սարյանին։

— «Մինչև այժմ մարդիկ համոզված էին, որ մեծ կամ դժվարին գործ առաջ տանելու համար անպատճառ պետք է ունենալ կամ փող, կամ զենքի ուժ,— ասում էր Մոմճյանը Սարյանին,— բայց արդեն խելոք գլուխները գտին, որ փողի ու զենքի ուժից առավել զորեղ մի ուրիշ ուժ կա աշխարհում, որը կարելի է հաջողությամբ գործադրել ամենամեծ և ամենադժվարին գործերն առաջ տանելու համար, այդ ուժը ժողովուրդն է, կամ ավելի ճիշտն ասած՝ ամբոխը, այդ ուժի առավելությունը իսկապես նրանումն է, որ փողը և զենքի ուժը ամեն մարդ ձեռք բերել չի կարող, մանավանդ խելոք գլուխները այդ բանին անընդունակ են, մինչդեռ ամբոխի ուժը կարող է ձեռք բերել ամեն մեկը, որ ունի փոքր ի շատե խելք, սուր հոտառություն և մանավանդ ճարպիկություն»։

Այս եղանակով խոսելով Մոմճյանը բացատրեց թե՝ ինչո՞ւ ինքը գտնվում էր «Արդար քրտինքով ապրողների թեյարանում» այն օրը, երբ իրեն՝ Սարյանի հետ ծանոթացավ։

— «Մի՞թե, կարծում եք, դուրեկա՞ն բան է.— ասում էր նա,— հաճախել այդ ապականության խորշը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի ավազականոց, ձեռք մեկնել այդտեղ խլրտող փողոցային հերոսներին, նստել նրանց մոտ և ժամերով այդտեղի ապականված օդը շնչելով, լսել նրանց հիմարությունները, շատ անգամ և զզվելի հիշոցները և այդ բոլորը միայն նրա համար, որ կարողանաս այդ վայրենիներին ընտելացնել քեզ և վարժեցնել նրանց բարոյական խրատներ ու ճշմարտություններ լսելու։ Այո՛, դուրեկան չէ. բայց ես այդ անում էի, որովհետև հույս ունեի, որ իմ կրած նեղության արդյունքը կրկնապատիկ հաճույք և ուրախություն պիտի պատճառե ինձ։ Եվ չսխալվեցա։ Այժմ ունիմ ինձ համար հպատակների մի ամբողջ խումբ, որոնց ընտրել եմ ամբոխի միջից և որոնք