Այս էջը հաստատված է

գործում են նույն այդ ամբոխի մեջ. նրանք կուրորեն կատարում են այն, ինչ որ ես հրամայում եմ. իսկ նրանց կատարած գործերը ծառայում են այն բարձր նպատակներին, որոնց ես կամենում եմ իրագործել»։

Սարյանը, որ բոլոր ժամանակ լուռ ու մունջ լսում էր Մոմճյանին, հետաքրքրվեց իմանալու թե՝ ամբոխի տգետ մարդը ինչպե՞ս կարող է ծառայել բարձր նպատակների, քանի որ նա կուրորեն է գործում։

— Այդ ես խոսքերով չեմ բացատրիլ, — ասաց Մոմճյանը, — որովհետև խոսքերը կարելի է խոսքերով էլ հերքել. բայց ձեզ ցույց կտամ մի կենդանի օրինակ, որը ամեն խոսքերից ավելի ճարտար կերպով կապացուցանե ձեզ, թե ամբոխի մարդը ինչպե՞ս կարող է բարձր նպատակների ծառայել առանց նույնիսկ այդ նպատակների մեծությունը ճանաչել կարողանալու։

Այս դիտավորությամբ նա պատվիրեց Սարյանին հետևյալ առավոտ այցելել իրեն, որպեսզի միասին գնային Հավլաբարի մի եկեղեցի, ուր «կենդանի օրինակ» պետք է տեսնեին:

Ընթերցողները անշուշտ չեն մոռացել «Արդար քրտինքով ապրողների թեյարանում» քնող և երազ տեսնող գդակագործ Ծղալոբին, որը պատմում էր չաչանակ Սերգոյին թե՝ ինչպես երազում տեսել էր, որ իրեն երեցփոխ էին ընտրել Ձորաբաշի եկեղեցում։ Հենց այդ դեպքը պատմող գլխում մի քանի ակնարկություններ էինք արել մի ինչ-որ երեցփոխանական ընտրության մասին, որը այդ օրերը պետք է կատարվեր։ Բայց ինչ-ինչ պատճառներով բարեկարգիչ քահանան ընտրությունը հետաձգել էր այն օրվան, որի նախընթացին Մոմճյանը խոստացավ Սարյանին բարձր նպատակների ծառայող ամբոխի գործունեության մի «կենդանի օրինակ» ցույց տալ։

Հիշյալ երեցփոխանական ընտրությունը, արդարև, պետք է կատարվեր Ձորաբաշի եկեղեցում։ Մենք այդ եկեղեցին մանրամասն չենք նկարագրիլ, որովհետև կարիք չկա. Թիֆլիսցի ընթերցողները տեսած կլինեն նրան, իսկ գավառացիներին բավական է միայն իմանալ, որ նա գտնվում է Թիֆլիսի պատմական Մետեխի բերդի մոտ, դեպի Հավլաբար