Այս էջը հաստատված է

երազը պատմել էր նաև կնոջն ու հարևաններին և ցանկանում էր, որ այդ երազը կատարվի։

Երրորդը մի երիտասարդ էր՝ միջին հասակով, ավելի կարճ քան երկար, առողջ կազմվածքով, թուխ ու կարմիր դեմքով և սև ու թավամազ մորուքով, որը խիտ ու կլոր ձևով պատում էր նրա ծնոտը և երեսի մեծ մասը այնպես, որ բերանը գրեթե չէր երևում: Նրա փոքրիկ և ծավի աչքերը, որոնք ոչ բարեկամ անձանց վրա կասկածով ու խեթով էին նայում, ծածկված էին թավամազ և միշտ խոժոռած հոնքերի տակ։ Այդ երիտասարդը շատ չէր խոսում, բայց շարունակ պտտում էր և քառածալ թերթիկները, իսկապես ինքն էր բաժանում: Երբ պարապ էր մնում՝ ձեռքը տանում էր դեպի գլուխը և գլխարկը ծռելով քորում էր նրան: Այդ ժամանակ երևում էր յուր նեղ ու փոս ընկած ճակատը, որի վրա կարծես նկարված էր մոլեռանդություն և հանդգնություն։

Բարեկարգիչ քահանայից առաջ ներս մտան եկեղեցու բակը Մոմճյանը և Սարյանը։

Չաչանակ Սերգոն նրանց տեսնելով ընդառաջ վազեց և խիստ մեծարանքով ողջունելով յուր բարեկամներին հոգածու եղանակով հարցրեց:

— Էս ո՞ւր մնաց միր բարիկարգիչը. էրկու սհաթ կուլի ինչ պատարագը վիրջացավ. հիվանդացած չըլի՞:

— Բարեկարգիչը կգա. միամիտ կաց, դու ի՞նչ արիր, ա՛յն ասա, — հարցրեց Մոմճյանը։

— Դիփ հազիր է:

— Ուրեմն ամենքն էլ գիտեն, թե ո՞ւմ պետք է ձայն տան։

— Մա՛շ. էդ խոմ էնթի շաբթին գիտեին։

— Բայց ես այստեղ հակառակ մարդիկ էլ եմ տեսնում:

— Վա՛, հեր օխնած, հիսուն ոչխարի մեջ միթոմ վուր երիք իծանիր ըլին, ի՞նչ հաջաթ:

— ՈչիՆչ. միայն թե գործը չխանգարեն։ Բայց դու այն ասա, իմ գրած բոլոր թղթերը բաժանեցի՞ր։

— Չիմ գիդի, ա՛յ, Վանոյին կանչիմ հարցնինք, — այս ասելով նա ձեռքով նշան արավ մեր նկարագրած երիտասարդին: