Այս էջը հաստատված է

Բարեկամներիցս մինը փոքրիկ երեկույթ ուներ, ուր հրավիրված էի և ես։ Որովհետև պաշտոնս չներեց ժամը տասից վաղ նրանց մոտ գնալու, ուստի երբ ներս մտա՝ հյուրերը արդեն ձգված էին բազկաթոռների վրա և տաք-տաք վիճում էին։

Խոսակցության նյութը պ. Սեղբոսյանի երկրորդ ամուսնությունն էր, որը, ըստ երևույթին, շատ էր գրգռել իմ հյուրընկալ տիրուհուն։ Երբ ես ողջունեցի տիկնոջը, նա ջերմությամբ ձեռքս բռնելով և բազկաթոռը առաջ քաշելով մոտը նստեցրեց և հրամայեց, որ ուղիղը խոստովանեմ, թե՝ արդյոք նա իրավունք ունի՞, թե ոչ։

Ես, իհարկե, դեռ չդիտեմ, թե հարցը ինչումն է. բայց կամենալով մի հաճոյախոսություն անել, առանց վարանելու հայտնեցի, թե տիկինը կատարյալ իրավունք ունի:

— Ինչպե՞ս թե տիկինը իրավունք ունի, դո՞ւք էլ եք այդպես ասում,— տաքացած բացականչեց տանուտերը, հավատալով, որ ես արդեն ամեն բան գիտեմ, ուրեմն տղամարդիկ ավելի շուտ են մոռանում քան թե կանայք, հա՞...

— Իհարկե ոչ,— պատասխանեցի ես ծիծաղելով,— բայց բացատրեցեք ինձ առաջ գործի էությունը, ես դեռ ոչինչ չգիտեմ։

Հյուրընկալս աչքերը չռեց ինձ վրա, տիրուհին ներողամտությամբ ժպտաց, իսկ հյուրերը ծիծաղեցին.

— Ահա՛ թե հարցը ինչումն է,— սկսավ բացատրել տանուտերը։— Մենք խոսում ենք պ. Սեղբոսյանի մասին,