Այս էջը հաստատված է

— Առաջ պետք է կենդանիների մասին մտածել, հետո ննջեցյալների։

— Եվ վերջապես, մենք ի՞նչ պարտավոր ենք մեր ժամանակը վատնելու մի ննջեցյալի պատճառով.— գլուխը խրտնած ձիու պես շարժելով ներս ընկավ գործիչ֊Վանոն։

— Վա, էտենց խոմ չի իլի, տերտեր ջան,— վրա բերեց Չաչանակը.— էս ղադա խալխը էստի քիղ ին մնում ու դուն ասում իս ննջեցյալ ունեի. ախար մինք էլ մարթիկ ինք, ուտիլ կուզինք, խմիլ կուզինք. ննջեցելը խոմ միր փուրը չի կշտացնի...

— Ներողություն, որդիք, ներողություն,— վշտացած ու տխուր ձայնով ասաց բարեկարգիչը և ներս մտավ եկեղեցի։ Մի քանի խեղճ բանվորներ գրգռվեցան խոսողների դեմ, բայց ոչ մի նկատողություն անել չհամարձակվեցան, որովհետև տեսան, որ խոսողների գլխավորը մաքուր հագնված, փայլուն գլխարկով և փղոսկրյա ձեռնափայտը ձեռին մի աղա մարդ է։

Մի ծերունի միայն գլուխը տմբտմբացնելով մոտեցավ Մոմճյանին և կորացած մեջքով յուր երկար ձեռնափայտի վրա հենվելով նայեց ուղղակի աղա մարդու աչքերին ու նկատեց.

— Պարոն ջան, էրեվում է, վուր խելոք տղա իս. կուլի վուր ունիվերստեմեն էլ եկած ըլիս. ամա դուն ոչ միր էգեղեցու ծխական իս, վունչ ժամավոր իս, վունչ էլ մի գամ յիս քիզ էստի տեհիլ իմ, չուն ամեն առտու ու իրիկուն յիս էստի իմ. Հիմի ամութ չըլի հարցնիլը, դուն ի՞նչ դավա ունիս մեր էգեղեցու հիդ, ինչի՞ էս ղադա խալխի միջումը անպատիվ իս անում մեր գահանին։

— Ես ձեր իրավունքներն եմ պաշտպանում, խեղճ ծերուկ,— վրդովված պատասխանեց Մոմճյանը։

— Ի՞նչ...— հարցրեց ծերունին։

— Դա այդ տեսակ խոսքերը ի՞նչ է հասկանում,— շշնջաց Մոմճյանի ականջին գործիչ—Վանոն և ապա դառնալով ծերունուն բարձրաձայն ասաց,— այս պարոնին սրբազանն է ղրկել այստեղ, հասկանո՞ւմ ես, հոգևոր տերը։

— Հոգևուր տե՞րն է ղրկի...— զարմացած հարցրեց ծերունին: