Այս էջը հաստատված է

բարեկարգիչի թելադրությամբ գրում էր արձանագրության թերթը, Ծխականներն ու ժամավորները հետզհետե հավաքվելով շարժվեցան եկեղեցում դրված աթոռների վրա։ Ներս մտան նաև Մոմճյանն ու Սարյանը և նստեցին բարեկարգիչ քահանայի հանդեպ։

Բարեկարգիչը թերթիկները պատրաստելով վեր կացավ տեղից և սկսեց բաժանել այն ժողովականներին։

— Ձեզանից ամեն մեկը թող յուր ասած թերթիկի վրա գրե երկու կամ երեք մարդկանց անուններ, և թերթիկը ծալելով հանձնե ինձ,— կարգագրեց բարեկարգիչը:

— Գուցե շատերը միայն մի մարդու են արժանավոր ճանաչում, ի՞նչ հարկ կա երկու կամ երեք անուն գրելու,— նկատեց բարեկարգչին Մոմճյանը։

— ճիշտ է ասում պարոնը, տեր-հայր,— ձայնակցեց Մոմճյանին Վանոն։— Ես, օրինակ, մեր ծուխի մեջ միակ արժանավորը ճանաչում եմ սոսոյի տղա Ծղալոբին, մի՞թե չեմ կարող միայն նրա անունը գրել։

— իհարկե, կարող ես. ո՞վ է դրա դեմ,— պատասխանեց քահանան.— ով որ մի մարդ է ճանաչում, թող մեկի անունը գրե. ով որ երկու, երեք կամ ավելի մարդկանց է ճանաչում թող երկու, երեք կամ ավելի անուն գրե։

— Ուրեմն մեկ-մեկ անուններ կգրեք,— բարձրաձայն ասաց երիտասարդ Վանոն և մոտեցավ յուր բարեկամներին։

— Այ տղա, ի՞նչ շատ իս խոսում,— նկատեց երիտասարդին ճոն Մարտիրոսը.— քիմեն սավայի էլ մարթ չկա՞ էստի:

— Ւնչ ե՞մ խոսում, ասում եմ, որ մեկ-մեկ անուն գրեն։

— Ի՞նչ դավա ունիս դուն. մեկը կուգրին թե տասը կուգրին. այ, բարեկարգիչը ինչ վուր ասավ, էնենց էլ կուգրին դուն խառնվիլու ի՞նչ ունիս։

— ճիշտ է ասում, վուրդի. դու քեզ համար գրիր. ուրիշների գործում մի խառնվիր,— նկատեց քահանան։

Վանոն հոնքերը կախելով և աչքերը խոժսռելով նստեց տեղը, բայց միայն մի րոպե, հետո կրկին վեր կենալով