Այս էջը հաստատված է

Ծխականը, որ մի երկրորդ անուն էր որոնում, որպեսզի գրել տա ու ազատվի, Ծղալոբի անունը լսելով նրա անունն էլ տվավ ու հեռացավ։

Սրա օրինակին հետևեցին և մի քանի ուրիշները։

Իսկ նրանք, որոնք առաջուց թերթիկներ էին ստացել Վանոյից, վերջինի խորհրդով ձևացնում էին, որ իբր թե անուններ են գրում, բայց իսկապես մատիտներ էին շարժում առանց թերթիկների վրա մի բան գրելու:

Երբ ամենքը վերջացրին, բարեկարգիչ քահանան կարգադրեց ժողովականներին բերել իրեն թերթիկները:

— Տեր֊հայր, հրամայեցեք, որ երիտասարդներից մինը բոլորը հավաքե և միանգամից բերե, ինչ հարկ կա, որ ամենքըն էլ տեղերից վեր կենան ու խառնվին,— խորհուրդ տվավ Մոմճյանը։

— Լավ եք ասում. թող մեկը հանձն առնե այդ նեղությունը,— առաջարկեց քահանան։

— Այ, տերտեր ջան, յիս կու հավաքիմ,— ձայն տվավ չաչանակ Սերգոն և առաջ անցավ:

— Յիս էլ շատ կուխնդրեմ, տերտեր ջան, վուր հրամանք անիք ամեն մարթ ինքը բերե իրա թուղթը,— տեղից վեր կենալով խոսեց ճոն Մարտիրոսը։

— Ի՞նչ զանազանություն կա դրա մեջ, պարոն Մարտիրոս, միթե միևնույն չէ՞, թե բերողը մեկն է, թե՜ շատերը։

— Զանազանությունը էն է, տերտեր ջան, վուր կուլի մեկը մի խոսք ունի քեզ ասելու ան դուն ունիս հարցնելու, ո՞վ գիդա, ասիլ չի ըլի. ժողովուրդ ու գահանա մի իրար երես վուր տեհնիք լավ կուլի:

— Այդպես լավ է, այդպես լավ է,— ձայն տվին մի երկու հոգի էլ:

— Թող այդպես լինի,— համաձայնեց բարեկարգիչը և պատվիրեց, որ ամեն մեկը յուր թերթիկը ինքը ներկայացնե։ Մոմճյանը այս բանին չընդդիմացավ, վախենալով, թե մի գուցե յուր ընդդիմությունը կասկած հարուցանե և գաղտնիքներից մեկը կամ մյուսը բացվի։

Երբ ժողովականները թերթիկները սկսան բերել, երիտասարդ տիրացուն նկատեց, որ թերթիկներից շատերը