որը, ինչպես գիտեք, պսակվում է այս երեկո։ Կինս պնդում է, թե՝ նա պսակվում է նրա համար, որովհետև տղամարդ է, իսկ տղամարդիկ ամենասիրած կնոջն անգամ շատ շուտ են մոռանում, եթե նա մեռնում է. իսկ ես ասում եմ, որ եթե Սեղբոսյանը պսակվում է, անշուշտ մի հարգելի պատճառ ունի. իսկ եթե չունենա էլ, այսուամենայնիվ նրան չէ կարելի օրինակ վերցնելով ենթադրել, թե՝ բոլոր տղամարդիկ նրա նման են, թե նրանք շուտով մոռանում են իրենց կանանց, թե նրանք...
— Օ՜հ, լռիր. ի սեր աստծու. լռի՛ր, ես վրդովվում եմ — մարդու խոսքը կտրելով բացականչեց իմ հյուրընկալ տիրուհին․— ախր չէ՜ որ դուք բոլորդ ճանաչում էիք նրա հանգուցյալ ամուսնուն, խեղճ Մարգարիտին, չէ՜ որ նա մի հրեշտակ, մի աննման հոգի, մի անգին հարստություն էր... ո՞ր կինը նրա պես արժանավորությամբ օժտված յուր մարդուն կարող էր այդպես շուտ մոռանալ։ Բայց տղամարդի՞կդ, « նրանք խո սիրտ չունին. մի՛ տարի անգամ մեռած կնոջ հիշատակը պատվելու համար չեն ուզում համբերել...
Տանուտերը այս անգամ կնոջը համոզելու համաը ամբողջ ժամ պիտի խոսեր, եթե երիտասարդ հյուրերից մինը, որ շատ չէր խառնվում վիճաբանությանը, բայց խորհրդավոր կերպով ժպտում էր ստեպ-ստեպ, չընդհատեր ամուսինների վիճաբանությունը։
— Որպեսզի համոզվիք, թե տղամարդիկ ավելի մոռացկոտ են, թույլ տվեք, որ ես ձեզ մի պատմություն անեմ շատ մոտիկ անցյալից,— ժպտալով խոսեց երիտասարդը։
— Պատմեցեք, պատմեցեք, սիրով կլսենք,— գոչեցինք ամենքս միաբերան, և երիտասարդը սկսավ պատմել։
— Երկու տարի առաջ ես ապրում էի մոտիկ գյուղերից մինում, ուր քաղաքից էլ շատ ընտանիքներ էին եկել ամառը անցկացնելու։ Այդտեղ ծանոթացա երկու երիտասարդ ամուսինների հետ, որոնք հենց նոր ամուսնացած լինելով, եկել էին գյուղ՝ սիրո քաղցրությունները ազատ բնության մեջ վայելելու...
Իմ ծանոթությունը նրանց հետ տարօրինակ պատահմամբ եղավ։ Մի օր զբոսանքի գնալու ժամանակ երկնքի վրա