կանգնած էր Սարյանի հետ, և շնորհակալություն արավ նրան յուր ընտրությունը հաջողացնելու համար:
Այդ միջոցին մոտեցավ և չաչանակ Սերգոն ու ժպտադեմ բացականչեց:
— Հը, վո՞ւնց է, լոթի, իրիցփուխ էլ շինեցինք քիզ, էրազդ խոմ կատարվի՞ց. հիմի կի իրիք թումանանոց ճաշը պիտիս սարքի։
— Իմ ջուխտ աչքի վրեն, իրիք թումանանոց չէ, հինդ թումանանոց պիտիմ սարքի, աոջևներիս կիրակին Օրթաճալում իմ ղոնաղն իք քսանհինգ ան յարսուն մարթով,— պատասխանեց Ծղալոբը ծիծաղելով։
Երիտասարդ Սարյանը այս բոլորը տեսավ ու լսեց և խոր մտածմունքների մեջ հեռացավ եկեղեցուց։
ԺԴ
ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ
Մինչև նախընթաց գլխում նկարագրած ընտրությունը, Վահան Սարյանը նայում էր Մոմճյանի վրա իբրև մի խելոք, ազնիվ, առաքինի և լուսավոր գաղափարներով հարստացած երիտասարդի վրա, որի միակ նպատակն էր ազնվությամբ և անխարդախ հոգվով յուր ազգին ծառայելը. նրա թե խոսքերի և թե գործերի մեջ նա շարունակ տեսնում էր նրա այդ արժանավորությունների ապացույցները։ Մոմճյանին ընդունելով իբրև անկեղծ և անձնվեր հայրենասերի կատարելատիպ՝ նա ինքն յուր մեջ որոշել էր ամեն բանի մեջ հետևել և նմանիլ նրան: Այս էր պատճառը, որ Սարյանը նրան, մինչև անգամ, յուր մենտորն էր անվանում։
Բայց Ձորաբաշի եկեղեցում կատարված ընտրության ներկա գտնվելով և այդ ընտրության ժամանակ որոշ նպատակով գործ դրված զեղծումներին և անարդարության վկա լինելով և, մանավանդ, Մոմճյանին այդ զեղճումներին կուսակից և պաշտպան տեսնելով, Սարյանի վրա մի տեսակ հիասթափություն եկավ. նրա հոգվո աչքերը կարծես