սև ամպեր նշմարեցի և դու գուշկելով, որ անձրև պիտի հանդի դեմ, փայտի փոխարեն հովանոցս վերցրի։ Անտառը հասնելով հազիվ մի քանի պտույտ արի, և ահա որոտում, կայծակ, կաթկթոց և հանկարծ մի վարար անձրև։ Անտառում զբոսնողները փախչող փախչողի եղան, որը հովանոց ուներ՝ հովանոցը բացած, որը չուներ մի թաշկինակ, կամ շոր գլխին ձգած, մայր՝ աղջկա հայրը, որդու, մարդը՝ կնոջ հետ, մի քանիսը զույգ-զույգ, մի քանիսը խումբ-խումբ, շատերն էլ ետ ու առաջ ցրված, ճչալով, միմյանց ձայն տալով, անձրևն անիծելով՝ վազում էին դեպի գյուղ։ Ես նույնպես իմ հովանոցը բացած, բայց հանգիստ ու հավասար քայլերով առաջ էի գնում և զվարճանում անձրևի պատճառած այդ իրարանցումով։
Հենց այդ միջոցին նկատում եմ մի փոքրիկ, բայց թավ ընկուզենու տակ մի գեղեցիկ, նորատի տիկին, բավական սիրուն հագնված և մի սիրուն երիտասարդի էլ ձախ թևը տված, իսկ աջովն յուր փետրավոր հարուստ գլխարկը բռնած՝ աշխատում է մի կերպով ազատել նրան անձրևից։
Ես իսկույն վազեցի երիտասարդ զույգի մոտ։ Ողջուջնեցի նրանց և առաջարկեցի, որ բարեհաճեն օգուտ քաղել իմ լայնատարած հովանոցից։
— Ոչ, ոչ, պարոն, շնորհակալ ենք. դուք ինքներդ էլ կթրջվեք,— ասաց ինձ տիկինը քնքշությամբ. բայց ես արդեն հովանոցը պարզել էի դեպի նրա երիտասարդ ամուսինը, որ քաղցրաժպիտ շնորհակալությամբ ընդունեց և երեքս միասին սկսանք կարելույն չափ փութով առաջանալ դեպի գյուղը։
Անձրևը շարունակ թափվում էր. ես ամբողջապես նրա իշխանության տակն էի գտնվում, բայց շատ գոհ էի, որ տիկնոջ գլխարկն ու հագուստը և ընդնմին յուր ամուսնու կես մասը ապահովվել էր անձրևից։ Մինչև տուն հասնելը, նորատի տիկինը և յուր ամուսինը շատ անգամ հիշեցին, որ մեծ նեղություն են պատճառում ինձ, որ իրենց պատճառով կարող եմ ես մրսել, հիվանդանալ, և այլն, և այլն, իսկ ես, ընդհակառակը, աշխատում էի հանգստացնել նրանց, որ թրջվիլ կամ նույնիսկ օրերով ջրի մեջ մնալը ոչ մի վնաս