ցանկալի է, որ մարդ ուժ ու կարողություն ունենա. եթե կուսակցությունը այնպիսի ուժ է, որ մեզ պիտի օգնե մեր բարի նպատակները իրագործելու, իհարկե, անհրաժեշտ է ունենալ նրան։
— Բրավո, բրավո, գեղեցիկ միտք, հրաշալի միտք,— բացականչեց խմբագիր Շաշյանը։
Մոմճյանը աչքերը խոժոռեց նրա վրա և քթի տակ շշնջաց։
— Հատկապես խնդրում եմ, որ մինչև ժողովի վերջը լուռ մնաք...
Շաշյանը մի կեղծ ժպիտ խաղացրեց դեմքի վրա և սկսեց մատիտով առջևը դրած թուղթը խազխզել։
— Իհարկե, կուսակցությունը հենց այն ուժն է, որ օգնում է մեզ մեր նպատակներին հասնելու,— հաստատեց Մոմճյանը:
— Բայց գլխավոր հարցը այն է, թե ո՞ր աստիճան մեր նպատակները բարի են,— նկատեց Սարյանը։
— Մեր նպատակների բարի լինելու մասին կասկածել ավելորդ է, մենք ծառայում ենք մեր ազգին և դիմում ենք դեպի առաջադիմություն։ Ահա այս է մեր գործը և մեր նպատակը. սրանց մեջ չար բան լինել չէ կարող։
Սարյանը լռեց և չկամեցավ երկարացնել, որովհետև հասկանում էր, որ ցանկացած կարծիքները արտահայտելուց՝ հարցը կարող է վիճաբանության փոխվել. մինչդեռ ինքը, խմբագրական ժողովի ներկա եղող անդամների մասին մի գաղափար կազմելու համար՝ որոշել էր ոչ խոսել և ոչ էլ կարծիք հայտնել, այլ միայն լսել։
— Ուրեմն ես կարող եմ իմ պատրաստած հրահանգը կարդալ,— հայտարարեց Մոմճյանը։
— Կարդացեք, կարդացեք,— ձայն տվին այս ու այն կողմից։
— Իմ հրահանգը ընդարձակ չէ,— ասաց Մոմճյանը, հանելով ծոցից մի քառածալ թուղթ և բանալով նրան.— նա կազմած է ընդամենը տասը հոդվածներից, որոնք, սակայն պարունակում են իրենց մեջ այն ամենը, ինչ որ հարկավոր է մեզ գիտենալ զորեղ կուսակցություն կազմելու համար։