Այս էջը հաստատված է

— Այո, կտրծեմ, այդպես է։

— Այդ ի՞նչ բարբարոս լեզու է. երևի գրաբար է,— հարցրեց օրիորդ Մամուլյանը։

— Այո, գրաբար է, և իմ հայրս սովորեցնում է ինձ այդ լեզուն։

— Դե, «գրաբար» կասեիք, էլ ի՞նչ եք «կոնսիստորի լեզու» ասում։

— «Գրաբար» բառը մոռացել էի, օրիորդ։

— Էլի քահանայի որդի եք, է, մի փտած կարծիք պիտի հայտնեիք,— նկատեց Մոմճյանը դեմքը խոժոռելով։

— Եվ այն էլ ի՞նչ քահանայի, կոնսիստորի անդամի,— հարեց Հակոբյանի ընկերը։

— Երևի նրա համար է գրաբարը «կոնսիստորի լեզու» անվանում,— նկատեց մի ուրիշը։

— Բավական է, պարոններ, մենք ժամավաճառ ենք լինում, լսեցեք կարդամ, վերջացնեմ։

— Կարդացեք, կարդացեք։

— Խնդրեմ ընդհատող չլինի:

— Միամիտ կացեք։

Մոմճյանը շարունակեց։

— «Հրահանգ համամիտ և համախոհ կուսակցություն կազմելու համար»։

«1—ին հոդված. Գործելու, հառաջադիմելու և մեր նպատակին հասնելու համար մենք կազմում ենք զորեղ միաբանություն, որ կոչվում է «Փնջիկի կուսակցություն»»։

«2—րդ հոդված. Մեր կուսակցության մեջ ընդունում ենք ամենքին, առանց խտրության կրոնի, սեռի, հասակի, վիճակի և այլն»։

— Ներողություն, պ. Մոմճյան, այդ հոդվածի միտքը լավ չեմ հասկանում, կարո՞ղ եք բացատրել,— ընդհատեց օրիորդ Թեմուրյանը։

— Այո, սրա միտքը այն է թե՝ մենք մեր կուսակցության մեջ պետք է ընդունենք և՛ հայադավաններին, և՛ կաթոլիկներին, և՛ լութերականներին, և' պրրիգուններին (իհարկե, եթե նրանք հայ են), և՛ կանանց, և՛ տղամարդկանց, և՛ մեծին, և՞