Այսուամենայնիվ, աշխատակից Թաթուլյանը կարևոր համարեց մի հարց առաջարկել.
— Շատախոսների, բամբասողների և զրպարտողների ի՞նչ բանի պիտանի լինելը՝ հասկանալի է,— ասաց նա,— բայց «անգործ պտտող շրջմոլիկները» մեր ինչի՛ն են պետք։
— Մեր կուսակցությանը ամենալավ ծառայություն կարող են անել «անգործ շրջմոլիկները»,— պատասխանեց Մոմճյանը,— որովհետև փորձված է, որ գործ ունեցողը որքան էլ շատ խոսե, որքան էլ շատ քարոզե, դարձյալ չի կարող անգործ մարդու չափ օգնել գործին։ Պատճառն այն է, որ որոշ պարապմունքի տեր մարդը, եթե օրվա մեջ մի ժամ ժամանակ մեզ նվիրե, տասնևմեկ ժամ իրեն պիտի նվիրե. ուրիշ կերպ անել չի կարող։ Մինչդեռ անգործ մարդը բոլոր ժամերը կարող է նվիրել, որովհետև նա պարապությունից ձանձրացած միշտ մի զբաղմունք է պտրտում, իսկ մեզ համար խոսիլը, վիճելը, քարոզելը, ինքնըստինքյան մի զբաղեցնող գործ է նրա համար։ Ա՛յ, ձեզ օրինակ մեր չաչանակ Սերգոն. որտեղ չկա նա, որտե՞ղ չէ մտնում, ո ւմ հետ չէ խոսում։ Դուք նրան կարող եք պատահել և փողոցներում, և հրապարակներում, և՛ խանութներում, և՛ եկեղեցու բակում, ամեն տեղ էլ գլխին հետաքրքիր լսողների մի խումբ հավաքած, մեկին պատմում է, մյուսի հետ վիճում է, երրորդին համոզում է, չորրորդին խայտառակում է. և այսպիսով մեզ ու մեր մարդիկներին գովում ու երկինքն է բարձրացնում, իսկ մեր հակառակորդներին պախարակում ու դժոխքն է իջեցնում։ Այս տեսակ մարդիկը, իսկապես, ինքնաշարժ հայտարարություններ են և ամեն մի կուսակցության կարի պիտանի։
— Եթե այդպես է, մեր կուսակցության անունով մի ընծա պատրաստենք և Չաչանակին նվիրենք,— ասաց Շաշյանը։
Ժողովականներից ոմանք ծիծաղեցին, բայց Մոմճյանը անուշադիր թողեց նրա խորհուրդը և շարունակեց.
8-րդ հոդված. Պետք է պատրաստենք այսպես անվանյալ «երկդիմիների խումբ», որի պաշտոնը կլինի մոտենալ մեր հակառակորդներին, նրանց կուսակից և բարեկամ ձևանալ և ապա նրանց բոլոր մտքերին, գաղափարներին, համոզմունքներին և գաղտնիքներին հիմնովին տեղեկանալուց ետ՝ հրապարակով