որոնք Ձորաբաշի եկեղեցու ընտրության օրից սկսած մինչև այս ժողովի վերջին րոպեն մտավոր տանջանք և հոգեկան վրդովմունք էին պատճառում իրեն, իսկ երկրորդը նրա համար, որ ժամ առաջ բացատրություններ տա Սարյանին հենց այն խնդիրների մասին, որոնք, ինչպես ինքը նկատում էր, անհանգստացնում էին երիտասարդին:
Երբ Ժողովականները սկսան ցրվել, Մոմճյանը խնդրեց խմբագիր Շաշյանին ընկերանալ օրիորդ Բարյանին մինչև յուր տունը, առարկելով, որ նա հեռու է բնակվում: Այս առարկությունը կարևոր էր երկու պատճառով, առաջին որ մյուս օրիորդները չգրգռվեն օրիորդ Լուսիկի դեմ և երկրորդ որ Շաշյանը ազատե յուր ներկայությունից Մոմճյանին, որ կարիք ուներ Սարյանի հետ առանց վկայի խոսելու։
Երբ վերջին երկուսը միայնական մնացին, Մոմճյանը առաջինը ընդհատեց լռությունը.
— Մենք այժմ բուն «խմբագրական խորհուրդն» ենք կազմում և կարող ենք ազատորեն խոսել,— ասաց Մոմճյանը ժպտալով,— դուք հարցրեր ունեիք աոաջարկելու, խնդրեմ այժմ առաջարկեցեք, որպեսզի հարկ եղած բացատրությունները տամ:
— Հարցեր, այո՛, շատ հարցեր ունիմ աոաջարկելու. բայց այժմ դուք ժամանակ ունի՞ք նրանց պատասխանելու,— Հարցրեց Սարյանը:
— Այժմ ավելի' քան երբեք։
Սարյանը լռեց մի քանի րոպե և ձեռքը դեպի ճակատը տանելով սկսեց շփել նրան, ցանկանալով կարծես որոշել թե՝ ո՞ր հարցից սկսե առաջ։
— Թույլ տվեք ինձ, պ. Մոմճյան անկեղծ լինել ձեզ հետ այնքան, որքան եմ իսկապես,— ասաց երիտասարդը,— հակառակ դեպքում ես լռելը գերադասում եմ:
— Խնդրեմ, խնդրեմ, ես ձեզ սիրում ու հարգում եմ գլխավորապես ձեր անկեղծության համար, և այդ է պատճառը, որ ես ձեզ մտերիմ բարեկամի տեղ եմ ընդունում:
— Շնորհակալ եմ. ուրեմն անկեղծությամբ էլ կխոսեմ։ Այն օրից ի վեր, պ. Մոմճյան, որ ձեզ հետ ծանոթացա, շատ հավանեցի ձեզ և դեպի ձեր անձը մեծ հարգանք ու