եք դուք և ինչ եք դուք,- հարցրեց Սարյանը ջերմությամբ և աչքերը սևեռեց Մոմճյանի վրա:
ՎԵրջինս կարծես ընկճվեց նրա հայացքի առաջ, բայց վարժված լինելով թե՛ հաջող և թե՛ անհաջող դեպքում միատեսակ ժպտալու, այդ ժպիտով էլ յուր ներքին հուզմունքը վարագուրեց։
— Տարօրինակ մարդ եք և տարօրինակ հարց եք առաջարկում,— ասաց նա,— այսքան ժամանակ միասին ենք և նո՞ր եք կամենում ծանոթանալ ինձ հետ։
— Ես կարծում եմ ավելի հեշտ է տիեզերքի անսահման տարածությունը չափել, քան մարդկային սրտի խորքերը։ Ինչ մեծ զարմանք է ուրեմն, որ ես այսքան ժամանակ ձեզ հետ լինելով կարողացած չլինիմ ձեզ ճանաչել։
— Ես ա՛յն եմ, ինչ որ էի մեր ծանոթության առաջին օրը, և ինչ որ ընդունել էիք մինչև այսօր։
— Ես ձեզ ազնիվ մարդ եմ ընդունել։
— ԵՎ չեք սխալվել։
— Ուրեմն բացատրեցեք, ի՛նչ բան էր Ձորաբաշի եկեղեցում կատարված ընտրությունը։
— Նա մի երեցփոխանի ընտրություն էր։
— Գիտեմ, բայց այդ ընտրության ժամանակ զեղծումներ և խարդախություններ գործ դրվեցան. մի խեղճ ծերունի բողոքեց այդ բաների դեմ, իսկ դուք, ընդհակառակը, պաշտպանեցիք։
— Այո՛, և այդ նրա համար, որ մեր ցանկացած մարդը երեցփոխ ընտրվի։
— Ուրեմն այդ զեղծումների և խարդախությունների հեղինակն էլ դուք էիք։
— Ոչ, իմ մարդիկը։
— Այդ միևնույն է, թե դուք չեք սպանել, այլ սպանողներ եք վարձել։
— Բայց ի՞նչ եք ուզում ասել դրանով։
— Ուզում եմ ասել, որ այդ տեսակ գործեր անող մարդը իրավունք չունի իրեն ազնիվ անվանելու։
— Ես ձեզ վրա չեմ բարկանալ, ինչ խոսքերով էլ որ չվիրավորեք ինձ. չեմ բարկանալ մինչև այն օրը, երբ դուք, վերջապե, կկարողանաք ճանաչել և գնահատել ինձ: