Այս էջը հաստատված է

Բայց այժմեն իսկ մի խորհուրդ կտամ ձեզ. մի՛ շտապեք վճիռներ արձակել և մի՛ դատապարտեք մարդկանց դեռևս նրանց լավ չճանաչած։ Չէ՞ որ հենց այս րոպեին ասացիք թե՝ ավելի հեշտ է տիեզերքի անսահման տարածությունը չափել, քան մարդկային սրտի խորքերը։

— Օգնեցեք ինձ ուրեմն ճանաչել ձեզ. հասկանալ ձեր գործերը և գնահատել։ Ձեր վերաբերմամբ ես թարթափում եմ մի մութ ու խավար մթնոլորտի մեջ. իմ աչքի առաջ զանազան երևույթներ են պատկերանում, ես ձեռքս պարզում եմ նրանց բռնելու և շոշափելու համար, սակայն նրանք անհետանում են անդարձ։

Մոմճյանը ժպտաց։

— Դուք գուցե ծիծաղում եք իմ միամտության վրա,— շարունակեց երիտասարդը,— բայց հավատացեք, որ ես ի սրտե վշտանում եմ, երբ ազնիվ ու բարի ճանաչածս մարդու անազնիվ ու չար լինելն եմ տեսնում։

— Գիտե՛ք, բարեկամ, իզուր են Լոյոլային վերագրում այն նշանավոր խոսքը թե' «նպատակը սրբում է միջոցը»։ Աշխարհի ստեղծմանից մինչև այսօր բոլոր ազգերը, տերությունները, իշխանները, ժողովրդի պետերն ու առաջնորդները մեծամեծ գործեր կատարելու, մեծամեծ նպատակների հասնելու համար միևնույն մտքովն են առաջնորդվել, միևնույն ծրագրով են գործել։ Եթե պատմությունը թերթենք, հազարավոր օրինակներ կգտնենք, որոնք այս ճշմարտությունը կհաստատեն։

«Այս այսպես լինելուց ետ, շատ բնական է, որ մեզ նման աննշան մարդիկն էլ, որոնք կոչումն ունին մի ընկած ազգի հառաջադիմության համար գործելու և աշխատելու, միևնույն խոսքն ունենան իրենց նշանաբանը թե՝ «նպատակը սրբում է միջոցը»:

«Ի՞նչ է մեր նպատակը՝ զարգանալ, հառաջադիմել, բարօրության հասնել։ Կարո՞ղ է ժողովուրդը ինքն իրեն հառաջադիմել. ո՛չ. նրան հարկավոր են առաջնորդներ։ Բայց կարո՞ղ են այդ առաջնորդները գործել, օգտակար լինել ժողովըրդին ա՛յն պայմանների և հանգամանքների մեջ, որոնցով