զանազան փոփոխություններ էր ստանում. մերթ պարզվում, պայծառանում էր, մերթ մթագնում կամ թեթև շառագունում:
— Ուրեմն ինձ չե՞ք կարող ասել, թե ո՞վ է աղջիկը,— հարցրեց կրկին Շուշանը:
— Այս ազջի՞կը...— մեքենայաբար շշնջաց Վահանը՝ ընթերցումը շարունակելով։
— Այո՛, այդ աղջիկը։
Երիտասարդը լուռ էր։
— Հապա ասացեք, ո՞վ է այդ աղջիկը։
— Իսկույն։
Օրիորդը համբերությունից դուրս էր գալիս, բայց չէր համարձակվում ավելի թախանձել։
Վերջապես Վահանը նամակը ավարտեց և ուրախ ու ժպտադեմ ծալելով նրան ծոցը դրավ։
— Այժմ հո կարո՞ղ եք ասել, թե ով է այդ աղջիկը։
— Այո՛, այո՛, կարող եմ ասել, բայց դուք ինչո՞ւ այդքան հետաքրքրվում եք։
— Հետաքրքրվում եմ նրա համար, որ եթե... բայց ինչպե՞ս ասեմ, առաջ հայտնեցեք տեսնեմ, թե ո՞վ է այդ աղջիկը։
— Ենթադրենք թե անունը ասացի. դուք հո նրան չեք կարող ճանաչել։
— Բայց նա ձեր ազգակա՞նն է, թե օտար է։
— Ա՞յդ ինչու հարկավոր է ձեզ իմանալ։
— Եթե ձեր ազգականը չլինի...
— Ի՞նչ։
— Չարաչար կնախանձեմ...— արագ արտասանեց Շուշանը։
— Կնախանձե՞ք...— զարմացած, բայց լուրջ եղանակով հարցրեց երիտասարդը։
— Այո՛, կնախանձեմ. մի՞թե չգիտեք որ...
— Ի՞նչ։
— Որ ես..
— Դուք ի՞նչ։
— Բայց մի՞թե իրավունք կտաք ասելու։
— Խնդրեմ, խնդրեմ, խոսեցեք ազատ, ինչ կամենում եք։