— Որ էս սիրում եմ ձեզ...— արտասանեց օրիորդը աչքերը գետին խոնարհելով և մինչև ականջները ջառագունելով:
Վահանը մնաց ապշած և աչքերը օրիորդի վրա հառած' չգիտեր ինչ պատասխանել։ Շուշանը նույնպես լուռ էր. նա սեղանի կողքին հենված մեքենայաբար քերում էր եղունգներով նրա երեսը կամ մահուդի վրա մատերով շրջանակներ էր նկարում։ Երկար լռությունից հետո վերջապես Վահանը նկատեց։
— Ձեր հայտնությունը, օրիորդ, անսպաս նորություն էր ինձ համար։
— Նորությո՞ւն,— հարցրեց վերջինս աչքերը սեղանից չհեռացնելով։
— Այո, կատարյալ նորություն։
— Ցավում եմ. բայց ես կարծում էի, որ դուք այդ արդեն գիտեք։
— Ոչ, օրիորդ, եթե գիտենայի, անկեղծորեն կխնդրեի ձեզ, որ այդպիսի զգացմունքներ չտածեք ինձ համար։
— Ինչո՞ւ։
— Որովհետև ես արժանի չեմ ձեր այդ օրինակ մտերմությանը։
— Թե որքան արժանի եք, այդ ինձ թողեք դատելու։ Դուք բուն պատճառը հայտնեցեք, կեղծելը ձեզ չի սազում։
— Բուն պատճառը։
— Այո՛,
— Բուն պատճառը, օրիորդ, այն է, որ եթե դուք մինչև անգամ խելագարված սիրելու լինիք ինձ, դարձյալ ես չեմ կարող ձեր զգացմունքները բաժանել...
— Այ, հիմա անկեղծ եք խոսում։ Արդարև, ձեզ կարող էր գրավել մի շատ գեղեցիկ, հարուստ, զարգացած և ամեն բանով երևելի աղջիկ, բայց ե՞ս... իհարկե, ինձ նման խեղճ աղջիկը ո՞ւմ կարող է գրավել...— այս խոսքերի հետ օրիորդի աչքերը արտասուքով լցվեցան և նա երեսը շուռ տվավ դեպի պատուհանը, որպեսզի երիտասարդը յուր արտասուքը չտեսնե։
— Սխալվում եք, օրիորդ, շատ եք սխալվում. դուք մի ազնիվ աղջիկ եք, և շատերը կարող են ձեզ սիրել։