Այս էջը հաստատված է

տխրությունը մասամբ փարատում եմ։ Վերջին հանգամանքը մանավանդ ինձ ներքին գոհունակություն է պատճառում։

Հույս ունիմ, Դուք ևս հաճությամբ պիտի կարդաք Ձեզ հաղորդածս այս նորությունը, ըստ որում իմ վարժուհի լինելը ՁեՐ էլ ցանկությունն էր»։

Նամակի վերջում օրիորդ Աշխենը ողջունում էր Վահանին յուր և մոր կողմից և ավելացնում մի քանի տեղեկություններ իրենց ընտանեկան գործերի վերաբերմամբ։

Երբ Վահանը նամակի ընթերցումն ավարտեց, Շուշանը հարցրեց։

— Ա՞յդ է բոլորը:

— Այո՛, օրիորդ, այս է բոլորը։

— Տեսա՞ք. ուրեմն ես իրավունք ունեի կասկածելու ձեր ճշմարտախոսության վրա,— բացականչեց օրիորդը։

— Ինչպե՞ս.— զարմացած հարցրեց երիտասարդը։

— Դուք ասում էիք, որ այդ աղջիկը ձեր հարսնացուն է, որ դուք նրան սիրում եք և այլն։ Բայց ո՞ւր է: Այդ ահագին նամակի մեջ սիրո մի խոսք անգամ չկա։

— Այս նամակի՞ մեջ. այո՜. սիրո խոսքեր չկան և չէին կարող լինել:

— Ինչո՞ւ. եթե այդ աղջիկը սիրում լիներ Ձեզ, ինչպե՞ս կարող էր յուր նամակի մեջ գոնե մի քանի սիրահարական խոսքեր չգրել:

— Այս օրիորդը Ձեր ճանաչած օրիորդներից չէ: Նա եթե խելագարվելու չափ էլ սիրահարված լիներ ինձ վրա, դարձյալ թույլ չէր տալ իրեն՝ սիրահարական զրույցներ գրելու յուր նամակում։

— Եթե խոսքով այդ զրույցներն անում է, ի՞նչ կա, որ նամակով էլ անե. մի՞թե սիրելը հանցանք է։

— Սիրելը հանցանք չէ. բայց այս օրիորդը նույնիսկ խոսքով չի արտահայտել ինձ յուր սերը։

— Հապա ինչպե՞ս իմացաք, որ նա սիրում է Ձեզ։

— Ես չասացի, թե նա սիրում է ինձ. այլ թե՝ ե՛ս եմ նրան սիրում։

— Ի՞նչ դուրս եկավ դրանից։