Այս էջը հաստատված է

_ Հապա՛. դուք կարծում եք թե առանց ռոճիկ՞ եմ գործ կատարում այստեղ:

Տիկին Մարթան լռեց է նա տեսավ, որ երիտասարդը անկեղծությամբ է խոսում և որ ինքը չարաչար խաբված է։ Յուր կարծիքով այս առաջին անդամն էր, որ Մոմճյանը մոլորեցնում էր իրեն, բայց թե ի՞նչ նպատակով, նա չէր կարողանում գուշակել, Այս հանգամանքը ծանր վիշտ պատճառեց իրեն, Տիկինը մտածում էր։

Այժմ, իհարկե, նա այլևս չէր ցավում, որ Սարյանը թողնում է յուր աղջկան, որովհետև քանի որ նա աղքատ էր՝ էլ ի՞նչ միտք ուներ նրան փեսայացնել. բայց նա ցավում էր, որ Մոմճյանը խաբելով իրեն, հեռացնել տվավ Մովսիսյանին, որը հաստատ փեսացու էր յուր աղջկա համար: Սարյանը այժմ տիկնոջ աչքում, յուր բոլոր գեղեցկությամբ, մի քանի աստիճան ստոր էր կանգնած տգեղ ու խոշորադեմ Մովսիսյանից, որովհետև, վերջինս փոքր ի շատե կարողություն ուներ, մինչդեռ Սարյանը մի խղճուկ ռոճիկով պիտի ապրեր։ Այժմ արդեն նա մտածում էր թե՝ ի՞նչ ճանապարհով հաշտություն կայացնե արտաքսված փեսացուի հետ։

Բայց այդ անելուց առաջ դեռ հարկավոր էր մի քանի բացատրություններ պահանջել Մոմճյանից՝ յուր սարքած խաղի համար։ Այս նպատակով դուրս գնաց տիկինը Սարյանի սենյակից՝ առանց նրան մի նոր խոսք ասել կամենալու։

Վահանը մնաց սեղանի առաջ նստած, ձեռքը ծնոտին հենած և մտքերի մեջ խորասուզված։ Տիկին Մարթայի' Մոմճյանի մասին խոսածները լսելուց ետ, նա այլևս չէր զարմանում ո՛չ Շուշանի սիրո խոստովանության և ո՛չ նրա մոր արած տարօրինակ պահանջի վրա։ Նա տեսնում էր, որ յուր դեմ շարվել է մի մեքենայություն, որի մեջ տիկին Մարթան և յուր աղջիկը միայն խաղացողների դերն են կատարում, իսկ մեքենայության լարերը գտնվում են Մոմճյանի ձեռքում։

Երիտասարդ Սարյանին այլևս չէր վշտացնում այն հանգամանքը, որ յուր իդեալ Մոմճյանը դարձել էր յուր աչքում մի անարգ մարդ, ստության բարեկամ և ստոր գործերի հեղինակ։ Վերջին խմբագրական ժողովից ետ ինչ էլ որ պատմեին նրա մասին, ինչ խարդախության և դավադրության մեջ