Էլ մեղադրեին նրան, Սարյանը կհավատար, որովհետև փորձով տեսավ, որ այդ մարդը ամեն տեսակ նենգավոր ու խաբեական ճանապարհների ծանոթ, և շարունակ այդ ճանապարհներով ընթացող ու գործող մեկն է։ Բայց թե ինչո՞ւ յուր դեմ մեքենայություն էր լարում, ինչո՞ւ յուր մասին սուտ խոստումներ էր արել, ինչո՞ւ իրեն իբրև հայտնի հարուստ և պատրաստ փեսացու էր ներկայացրել, այս բոլոր պատճառը գուշակել չէր կարողանում ։ Երկար մտածելուց ետ նա որոշեց գնալ Մոմճյանի մոտ և բացատրություն խնդրել նրանից այս տարօրինակ նորությունների մասին։
Օրիորդ Շուշանն ավելի կտրուկ ճանապարհ բռնեց։ Վերջնականապես համոզվելով, որ Սարյանը յուրը լինել չէ կարող, նա որոշեց կրկին հին փեսացուին գրավել։ ՈՒստի երբ մայրը տանից հեռացավ, մի համառոտ նամակ դրեց Սարգիս Մովսիսյանին և հայտնելով նրան այն հոգեկան տանջանքները, որոնց, իբրև թե, կրել էր ինքը յուր հեռանալուց ի վեր, հրավիրեց նրան գալ իրեն տեսնելու, հայտնելով միևնույն ժամանակ, որ ինքը միայնակ է, հետևապես յուր հետ ազատ խոսելու հարմարություն ունի։ Փոքրիկ աղախինը յուր տիրուհու նամակը մի քանի րոպեի մեջ տեղ հասցրեց։
Հարկ չկա ասել, որ երիտասարդ Մովսիսյանը յուր սիրած աղջկանից այսպիսի հրավեր ստանալով գլուխը կորցրած և սրտատրոփ վազեց նրա մոտ։
Օրիորդը շատ սրտաշարժ ընդունելություն արավ նրան, գրկեց և մինչև անդամ (հույս ունեմ, դուք այդ ոչ ոքի չեք հայտնիլ) համբուրեց նրան։ Եվ որովհետև նա այն աղջկերանցից էր, որոնք դյուրահոս արտասուք ունին և ուզած ժամшնակ կարող են գրավիչ եղանակով արտասվել, ուստի յուր շառագունած դեմքի վրա մի քանի արցունքներ էլ վազեցրեց որով խեղճ Մովսիսյանի սիրտն ու հոգին այրեց, տոչորեց...
Երբ հուզման առաջին վայրկյաններն անցան, երկու սիրահարները (այսուհետև կարող ենք նրանց այդպես անվանել) կողքե կողք նստելով սկսեցին անցյալի սրտաշարժ պատմությունները անել։ Մովսիսյանը, որ իսկապես շատ էր տանջվել սիրուհուց հեռու գտնվելու համար, ավելի քիչ էր խոսում, որովհետև իբրև տղամարդ կարողանում էր կրած ցավերի մեծ