վրեժխնդիր կլինեմ նաև Մոմճյանից և կարտաքսեմ այստեղից այդ Սարյանին, որ համարձակվել է աչք տնկել իմ սիրած հարսնացուի վրա...
— Բայց, խնդրում եմ, ինչ որ անելու ես, խոհեմությամբ արա. չեմ կամենում, որ այս տան մեջ իմ պատճառով խռովություն ծագի.— թախանձեց Շուշանը, վախենալով, թե միգուցե Մովսիսյանը Սարյանի դեմ հարձակվելով գրգռե նրան և սա յուր խոստովանության գաղտնիքը երևան հանե։
— Քո պատճառով ո՛չ մի խռովություն չի ծագիլ,— ասաց Մովսիսյանը,— բայց ես, իբրև տղամարդ, պարտավոր եմ հաշիվ պահանջել Մոմճյանից իմ պատիվը վիրավորելու համար։ Նա պիտի հասկանա, որ իրավունք չուներ փոխարինել Մովսիսյանին մի որևէ Սարյանով։
Օրիորդը տեսնելով, որ երիտասարդը գլխավորապես Մոմճյանի դեմ է գրգռված, այլևս չկրկնեց յուր խնդիրը։
Այն միջոցին, որ մեր երկու սիրահարները մտերիմ զրոցագրության մեջ էին, տիկին Մարթան Մոմճյանի սենյակում նստած բացատրություն էր պահանջում նրանից յուր գործած աններելի հանցանքի համար (տիկինը, առհասարակ, իրեն խաբելը աններելի հանցանք էր համարում)։
Մոմճյանը յուր հաշիվներում սխալված տեսնելով իրեն, սկսեց խոսքը կատակի շրջել, որպեսզի այդ ճանապարհով տիկնոջ հարցադրումից խուսափի։
Բայց վերջինս տրամադիր չլինելով գործը կատակով ավարտելու, շարունակում էր յուր հարցապնդումը։
Մոմճյանը ստիպված էր բացատրություններ տալ։
Հենց այդ միջոցին Մոմճյանի նախասենյակը մտավ և Վահան Սարյանը, բայց ներսում տիկին Մարթայի խոսելու ձայնը լսելով, չվստահացավ ներս մտնել, որովհետև հավատացած էր, որ տիկնոջ ներկայությամբ Մոմճյանը անկեղծությամբ չի խոսիլ, ուրեմն ավելորդ էր նրանց խանգարելը: Երիտասարդը ուզում էր վերադառնալ, բայց հենց այդ միջոցին լսելով, որ Մոմճյանը սկսում է բացատրություններ տալ տիկնոջը, մնաց տեղը կանգնած և ինքն իրեն մտածեց։
«Այս մարդիկը ուրիշներին վնասելու համար ամեն խարդախություն գործ են դնում, ինչո՛ւ ես էլ իրենցից չսովորեմ