և ապրի՜ր Շաշյանի ու Մոմճյանի հետ. եղիր նրանց ստրուկը և թավալիր բարոյական ապականության մեջ. խոնարհի՛ր ազատ ճակատդ ստորության առաջ, որովհետև պարծենում էիր թե քո երիտասարդական անփորձությունը տեղի չի տվել հայրական վարձառու խոհեմության, որովհետև չէիր հավատում թե կարոտությունը լուսավորված երկրում էլ կարող է ճնշել քեզ... Գնա՛, այժմ ապաշխարի՛ր քո թերահավատությունը և սովորիր չպարծենալ երիտասարդական անփորձությամբդ...
Այսպես ինքն իրեն նախատելով դարձավ Սարյանը յուր բնակարանը։ Սանդուղքների վրա պատահեց մի անծանոթ պարոնի, որը մի խրոխտ և սպառնալից հայացք ձգելով յուր վրա, քթի տակ մռմռաց։
— Հը՛մ... սպասիր. քեզ հետ էլ հաշիվ կտեսնենք...— Անծանոթը Մովսիսյանն էր։
Վահանը բարձրացավ դեպի վեր, առանց այդ պարոնի սպառնալից հայացքի և մռմռոցի պատճառը հասկանալու։
Նախասենյակում պատահեց Շուշանին, որը եկել էր Մովսիսյանին ճանապարհելու։ Սա էլ արհամարհական հայացք ձգեց յուր վրա և ներս մտնելով սենյակի դուռը աղմուկով փակեց։
— Իրավունք ունիս. դու էլ իրավունք ունիս ինձ արհամարհելու, ողորմելի որդն...— մրմնջաց Վահանը և ներս մտնելով փակվեցավ սենյակի մեջ։
Ժամերն անցան, մութը կոխեց և նա դեռ տխուր մտքերի մեջ խորասուզված պառկած էր մահճակալի վրա։
Երբ փոքրիկ աղախինը ներս մտավ լամպարը վառելու, Վահանը տեղից վեր թռավ, կարծելով թե եկողը Շուշանն է, որովհետև այդ ծառայությունը միշտ օրիորդն էր անում, որպեսզի դրանով առիթ ունենան մի քանի վայրկյան ավելի խոսակցելու գեղեցիկ երիտասարդի հետ։ Բայց որովհետև նրանից սիրվելու հույսը կորցրել էր այժմ, ուստի այդ պաշտոնը հանձնել էր աղախնին։ Այդ բանը աննկատելի չմնաց Վահանից։
Բացի այդ, տիկին Մարթան ցանկանալով հասկացնել Սարյանին որ նա այսուհետև մի հասարակ տնկեց է և ոչ թե