Այս էջը հաստատված է

պատռեց. այնպես լա՜վ բան էր որ. կարծեմ կաչաղակների վրա էի գրել...

— Կաչաղակների վրա՞։

— Չէ, չէ մեղա աստուծո, ծիծեռնակների վրա, — ծիծաղը զսպելով հարցրեց Սարյանը.

— Գրել էի... լավ չեմ հիշում, թե ի՞նչ էի գրել, բայց կարծեմ այն միտքն էի հայտնում թե եթե ծիծեռնակները չլինեն, մենք չենք կարող իմանալ, թե գարունը գալի՞ս է, թե ո՛չ։

— Շատ լավ միտք եք հայտնել, ինչո՞ւ համար է պատռել այն հիմարը,— ասաց Վահանը ծիծաղելով։

— Նախանձից, հավատացնում եմ ձեզ, նախանձից։— Վահանը սկսեց ավելի բարձրաձայն ծիծաղել:

— Համրությունդ անցավ, ա՛յ, երախտիքս չեք իմանալ. դե, հիմա նյութը տվեք, որ տպարան ղրկեմ, ծառան սպասում է:

Վահանը ծիծաղը շարունակելով ձեռքը պարզեց դեպի սեղանը, որ մահճակալի մոտ էր դրված և մի քանի հատ ծալած թերթեր վերցնելով, նրանցից երկուսը ընտրեց, բաց արավ, ստորագրությունները ջնջեց և տվավ խմբագրին:

— Դրանք ձեր գրածներն են. ստորագրություններդ ինչո՞ւ եք ջնջում:

— Չեմ կամենում, որ այսուհետև իմ ստորագրությունները երևան «Փնջիկ»֊ի մեջ։

— Ինչո՞ւ,— զարմացմամբ հարցրեց խմբագիրը:

— Դա գաղտնիք է. բայց եթե կամենում եք, ձեր ստորագրությունը կդնեմ այս հոդվածի տակ։

— Ծաղրո՞ւմ եք ինձ։

— Ոչ, ինչո՞ւ եմ ծաղրում։

— Ուրեմն կատա՞կ եք անում։

— Ոչ, կատակ էլ չեմ անում։

— Հապա, գրեք տեսնեմ։

Վահանը վերցրեց գրիչը և երկու հոդվածների տակ էլ «Շաշյան» ազգանունը գրեց։

— Ուրեմն այդպես էլ կթողնե՞ք որ մնա, — հարցրեց խմբագիրը։