Այս էջը հաստատված է

— Ուրախությամբ, թե այդ մի հաճույք կպատճառե ձեզ,— պատասխանեց տիկինը ժպտալով և շարունակեց.

— «Այն օրից հետո, որ Գևորգը ինձ ողջունեց, ճշմարիտ է, ես այլևս իմ սովորական ճանապարհով չանցա, որովհետև ինքնասիրությունս թույլ չէր տալիս ինձ անուշադիր թողնել այդ դեպքը և կրկին անգամ պատահիլ նրան։ Մի երիտասարդ, որ ինձ չէ ճանաչում, բայց համարձակվում է ինձ բարևել, հարկավ, մի թեթև աղջկա տեղ է դնում ինձ, մտածեցի ես, և որոշեցի պատմել նրան։ Պատմելը, իհարկե, այն էր, որ ճանապարհս փոխեցի։ Բայց ի՞նչ թաքցնեմ մեղքս, ես հենց այդ օրից հետո սկսա մտածել այդ երիտասարդի վրա։

Մինչև այս, ես մի առանձին ուշադրություն չէի դարձրել նրա վրա. իսկ այժմ հետաքրքրվում էի նորեն տեսնել նրան, ցանկանում էի, որ նա մի անգամ էլ բարևեր ինձ, և ես կարծում էի, որ այլևս չէի խոժոռիլ դեմքս, չէի բարկանալ նրա վրա։ Մտածում էի՝ գուցե նա սխալվել է, գուցե յուր ծանոթի տեղն է դրել ինձ, չէ՞ որ նա շատ քաղաքավարությամբ բարևեց։ Ինչո՞ւ այդքան խստությամբ դատել...

Այս մտածմունքներն էին պատճառ, որ ես գրեթե ամեն առավոտ, գիմնազիոնի երրորդ դստիկոնի պատուհանից կախվում էի դեպի փողոց՝ հենց այն ժամին, երբ Գևորգը անցնում էր այդտեղից, և, առանց նրանից տեսնվելու, դիտում էի նրան, այնքան ժամանակ, մինչև որ նա մյուս փողոցն էր մտնում։

Այս անցքի մասին պատմեցի մի օր մտերիմ ընկերուհիներիցս մինին, որ տարիքով մեծ էր ինձանից։

— Ի՞նչ երիտասարդ է դա, ցույց տուր ինձ մի անգամ, — ասաց նա հետաքրքրությամբ։

Հետևյալ առավոտ, հենց որ Գեորգին փողոցի ծայրում նշմարեցի, կանչեցի ընկերուհուս և ցույց տվի նրան։

— Օ՜հ, ի՜նչ գեղեցիկ երիտասարդ է, սրա վրա գժվելու չափ կարելի է սիրահարվել,— բացականչեց նա և ապա դեպի ինձ դառնալով՝ նկատեց.