— Այո՛, այսպես էլ կմնա։
— Կնշանակե «Շաշյան» ազգանունն էլ պիտի շարվի:
— Այո՛, այո՛, պիտի շարվի։
Խմբագիրը ուրախությունից չգիտեր ինչ աներ։
— Որ այդպես է, պ. Սարյան, անունս էլ դրեք, թող «Մանուկ Շաշյան» լինի։
— Ի՞նչ հարկ կա։
— Հորեղբորս որդին էլ է Շաշյան, չէ՞ որ կկարծեն թե՝ նա է գրողը, բայց եթե «Մանուկ» անունն էլ լինի, այն ժամանակ հաստատ կիմանան, որ գրողը ես եմ։
— Թող այդպես լինի, — ասաց Վահանը և գրիչը վերցնելով «Մանուկ» անունն էլ ավելացրեց։
Շաշյանը վերցրեց հոդվածները, շնորհակալություն արավ աշխատակցին և ուրախ սրտով դուրս գնաց։
Վահանը դարձյալ հուզվեցավ և ընկավ մտատանջության մեջ։
— «Ո՞վ կարող է հավատալ, թե այս բոլորը կատարվում է. թե սրանք իրողություններ են, իհարկե ոչ ոք,— մտածում էր նա.— «Փնջիկ»֊ը մի թերթ է, որ գոյություն ունի, տպվում է, տարածվում է ժողովրդի մեջ։ Նա պարծենում է յուր խմբագրով, յուր աշխատակիցներով, յուր խմբագրական ժողովներով, և սրանք բոլորը կան, ո՞վ կարող է հերքել. բայց... տեր աստված, ինչպե՞ս հեշտությամբ խաբում, ստում ու կեղծում են, ինչպե՜ս անխղճաբար հարստահարում են մարդկանց հավատը, վստահությունը... Սակայն, ի՞նչ եմ ասում, չէ՞ որ ես էլ այդ խաբվողներից և հավատացողներից մեկն էի, չէ՞ որ ես էլ հիացած, հափշտակված որոնում էի ա՛յն մթնոլորտը, ուր հասարակական բախտը ստեղծող և կառավարող, ուր ժողովրդին խելք և առաքինություն սովորեցնող իմաստուն գլուխներն են ապրում... և հասա այդտեղ․ մտա սիրածս ու գուրգուրածս մթնոլորտի մեջ և... ո՜վ զարմանք, հենց այդտեղ Շաշյանին ու Մոմճյանին պատահեցի... Իհարկե, եթե բախտը չարժանացներ ինձ նրանց աշխատակից լինելու պատվին, ես էլ ուրիշների նման Շաշյանին՝ հասարակաց ձայնի առաջնորդ և Մոմճյանին՝ ժողովրդի առաքինության ուսուցիչ պիտի ճանաչեի։ Դժբախտաբար ճշմարտությանը