Այս էջը հաստատված է

— Հանգիստ թող նրան, ասում եմ, հաշիվ ունիս, Մոմճյանի հետ վերջացրու։

— Այդ էլ կանեմ, մի՛ շտապիր...

Այս խոսակցությունը, որ տեղի էր ունենում նախասենակում, որոշակի լսվում էր Վահանի սենյակում: Երիտասարդը թե՛ հետաքրքրվեց և թե՛ զարմացավ։ Նա դուռը բացավ տեսնելու համար, թե ո՞վ է այդ սպառնալիք կարդացող նորեկը և ի՞նչ հաշիվ ունի յուր հետ: Նորեկը Մովսիսյանն էր, որ նախընթաց օրը սպառնացող հայացք էր ձգել յուր վրա և որին, սակայն, Վահանը չէր ճանաչում, իսկ նրա հետ խոսողը օրիորդ Շուշանն էր։

Վահանին տեսնելուն պես Մովսիսյանը մի կողմ հրեց օրիորդին և խրոխտ քայլերով առաջացավ դեպի նրա մուտքը։

Վահանը քաղաքավարությամբ ներս հրավիրեց սպառնացող պարոնին և դուռը փակեց։

— Դո՞ւք եք պարոն Սարյանը,— կոշտ ձայնով հարցրեց Մովսիսյանը։

— Այո՛, ձեր խոնարհ ծառան,— առանց վրդովվելու պատասխանեց Վահանը։

— Իմ ծառան չեք կարող լինել, քանի որ գործով ձեզ ինձ հակառակորդ եք ներկայացնում։

— Ամենից առաջ, պարոն, խնդրեմ հայտնեք ինձ, թե ո՞ւմ հետ պատիվ ունիմ...

— Սարգիս Մովսիսյանի։

— Շատ բարի, պարոն Մովսիսյան, համեցեք նստեցեք։

— Ոչ. շնորհակալ եմ. կանգնած էլ կարող եմ խոսել։

— Ուրեմն խոսեցեք. ի՞նչ եք կամենում։

— Դուք, պարոն, իրավունք եք տվել ձեզ հետամուտ լինել իմ հարսնացուին...

— Ի՞նչ կնշանակե այդ:

— Այդ կնշանակե, որ դուք կամեցել եք խլել իմ ձեռքից այն աղջկանը, որ միայն ինձ է սիրում:

— եվ ո՞վ է այդ աղջիկը:

— Օրիորդ Շուշանը։

Սարյանը ժպտաց։