— Տիկինը համբերող է, նա կարող է երկար սպասել մի՛ անհանգստանաք. ասացեք միայն ա՛յն, ինչ որ կամենում Էիք ասել։
-- Եթե միայն քաջություն կունենաք լսել և իրավացի համարել ինձ։
— Ամեն բան լսելու քաջություն ունիմ, բայց լսելուց առաջ իրավացի համարել ձեզ չեմ կարող. խոսեցեք տեսնենք։
— Ես, պարոն Մոմճյան, իսկապես հեռանում եմ ձեզանից։
— Ինձանի՞ց։
— Ոչ միայն ձեզանից, այլ ձեր ընկերներից, բարեկամներից, ձեզ հետևողներից, միով բանիվ ա՛յն շրջանից, որի մեջ ապրում և գործում եք դուք։
— Պատճա՞ռը, պարո՛ն:
— Պատճառը բացատրել չեմ կարող, բայց հավատացեք, որ հարգելի է։
— Որովհետև հրամայում եք, կհավատամ. գուցե այդ գոհացնե ձեր ինքնասիրությունը. բայց և այնպես դուք իրավունք չունիք ինձ վիրավորելու առանց ձեր «հարգելի» պատճառը բացատրելու։
— Հարգելի պատճառն այն է, պարոն, որ ես ճանաչել եմ ձեզ ավելի լավ, քան կարող եք կարծել և հենց այդ ծանոթության շնորհիվ անհամակրելի են ինձ ձեր անձնավորությունը, ձեր գործունեությունը, ձեր գաղափարները, ձեր հայացքները։ Դուք բոլոր ժամանակ զբաղված եք ստելով, կեղծելով, դավեր լարելով, մեքենայություններ սարքելով, թե՛ թշնամիներիդ հավասարապես խաբելով։
«Ինչո՞ւ համար եք անում այդ բոլորը, չգիտեմ, գուցե ապագայում մեծամեծ բարիքներ եք սպասում այդ եղանակի գործունեությունից, ինչպես հաճախ կրկնում էիք դուք, բայց ես, ի՞նչ մեղքս թաքցնեմ, չեմ հավատում ձեզ և կարծում եմ, որ ձեզ դեպի այդ տեսակ գործեր մղողը ո՛չ թե ազգի ապագա երջանկության նախանձախնդրությունն է, այլ մի չարության ոգի, որը, չգիտեմ ի՞նչ խորհրդավոր նպատակով, բնակալել է ձեր երիտասարդ սրտի մեջ։
— Պարո՛ն, պարո՛ն, չափավորեցեք ձեր հանդգնությունը...—