Այս էջը հաստատված է

Երկրորդ մաս

Ա

Հին բարեկամը

Շատ անգամ սպառնացող վտանգից փախչելու ցանկությունը այնքան բուռն է լինում մարդու մեջ, որ ապավինելու տեղը և հանգամանքները չնախատեսելով՝ նա ավելի ծանր կացության մեջ է դնում իրեն վտանգից փախչելով, քան կարող էր դնել վտանգի դեմ խիզախելով։

Այսպես պատահեց և Վահան Սարյանի հետ։

Դուրս գալով տիկին Մարթայի տանից, նա արագ քայլերով առաջանում էր երկար և ընդարձակ փողոցի ուղղությամբ, առանց ետ նայելու և առանց ուր գնալը որոշելու։ Նրա միակ ցանկությունն էր փախչել, հեռանալ այն տանից և մարդկանցից որոնք այնքան հոգս ու վիշտ պատճառեցին իրեն։ Այս պատճառով «ո՞ւր գնալու» հարցը դեռ չէր զբաղեցնում նրան։ Նա զգում էր, որ քանի հեռանում է Մարթայի տանից, այնքան ավելի թեթևանում և ազատ է շնչում։ Նրան թվում էր, թե օդը րոպե առ րոպե ավելի թարմացնում ու կենդանացնում է իրեն. թե յուր ոտքերն ու թևերը հետզհետե ավելի ուժ ու կորով են ստանում. թե Թիֆլիս քաղաքը առաջին անգամն է սեփական աչքերով տեսնում, կամ կարողանում ազատ հայացքով