խաբել, թող մի անգամ էլ համարձակվեն սևը սպիտակ ներկայացնել ինձ... այն ժամանակ... ա՛յ, սրանցով պիտի պատասխանեմ, սրանցով.— ինքն իրեն խոսում էր Վահանը, բռունցքները թափ տալիս և ճանապարհը շարունակում։
Երկար գնալուց ետ, վերջապես, մշեցի մշակի համբերությունը հատավ: Նա տեսնում էր, որ երիտասարդը առանց կանգ առնելու առաջ է գնում և այն էլ այնպիսի արագությամբ, որ ինքր հազիվ էր կարողանում ետևից հասնել։ Ուստի մոտենալով հարցրեց նրան։
— Աղա՛, ո՞ւր պիտի գնանք։
Վահանը, որ մինչև այն միայնակ էր համարում իրեն, այս հարցի վրա ետ նայեց և տեսավ մշեցուն, որ իրեղենները շալակած հետևում էր իրեն։ Այն ժամանակ միայն նա կարծես քնից արթնացած ինքն իրեն հարցրեց.— և իրավ, այս ու՞ր եմ գնում։
Այս խոսքի վրա նա կանգ առավ մի րոպե. մտածեց և ապա մեքենայաբար հարցրեց մշակին։
— Լավ սենյակի տեղ չգիտե՞ս։
— Սենյակ վա՞րն է. օթախ գուզե՞ս,— հարցրեց մշակին։
— Այո՛, օթախ կուզեմ, տեղը գիտե՞ս։
— Օթախներ, ա՛յ, քարվանսերաները կան։
—Քարվանսարաներո՞ւմ...— հարցրեց երիտասարդը ինքն իրեն մտածելով։
— Հա՛, աղա՛. քարվանսերաները լավ օթախներ կան։ Վահանի համար ծանր էր այնքան ժամանակ քաղաքի մեջ ապրելուց ետ նորեն քարվանսարաները վերադառնալ։ Բայց ի՞նչ կարող էր անել։ Փող չուներ, որ հյուրանոցում ապրեր. նա մտածեց, որ էլի քարվանսարաները կարող են յուր աղքատ գրպանների հետ հաշտվել, ուստի առաջին անգամ իրեն հյուրընկալող քարվանսարայի ճանապարհը բռնեց։
— Էլի մեզ մոտ էկար, աղա՛, խե՞ր ըլի,— ասաց քարվանսարայի սենեկապան մշակը, Վահանի ցանկացած սենյակի դուռը բանալով։
— Որ ձեզ մոտ եմ եկել՝ ձեզ համար խեր է ու խեր է, —ժպտալով պատասխանեց երիտասարդը։