Այս էջը հաստատված է

—Դուն ասա՛քեզ համար խեր ըլի, թե չէ մեզ համար խերը միշտ կա. դուն չըլես, ուրիշը կգա։

Վահանը նայեց խոսող մշակի վրա. նրան այնպես թվաց, թե նա գիտե յուր արդի չքավոր դրությունը և կամենում է ծաղրել իրեն։ Բայց վերջինս, իհարկե, չէր էլ մտածում յուր խոսածի վրա և զբաղված էր նոր հյուրի իրեղենները բանալով ու սենյակը կարգի բերելով:

Կես ժամից ետ Վահանը նոր բնակարանում միայնակ նստած, մտածում էր յուր վիճակի վրա, քննում էր մոտիկ անցյալը, անորոշ ներկան և ապագայի համար տխուր գուշակություններ էր անում։

«Ի՞նչ հույսերով, ի՞նչ ակնկալություններով մտա այս քաղաքը,— մտածում էր նա,— ինչպես՞ քաղցր ժպտաց ինձ բախտը սկզբում, գործունեության ի՞նչ գեղեցիկ ասպարեզ բացավ իմ առաջ, ի՞նչ հուսածիծաղ ապագա էր խոստանում ինձ նա, և այդ բոլորը... ավա՝ղ, ինչպես շուտ, ինչպե՜ս աննկատ չքացավ իմ աչքերից։ Կարծես թե այն բոլորը, ինչ որ տեսա, ինչ որ զգացի, ինչ որ իմ շուրջը կատարվեցան, ոչ այլ ինչ էին, եթե ոչ երազ, հուսախաբ ցնորք, որոնք արևը ծագելուն պես անհայտանալով աներևութացան...»։

Արևն ասացի, այո՛, ճշմարտության արևը, որ շատ անգամ ծածկվում է սևաթույր ամպերի ետևում, որ լույս չէ տալիս աշխարհի գիշերային թագավորության ժամանակ, բայց որը, այսուամենայնիվ, ապրում է որոշ ժամանակից ետ, ծագում և լուսավորում է աշխարհը յուր կենարար շողերով։ Եվ սակայն յուր կարճատև բացակայության ժամանակ քանի քանի մարդիկ մոլորվում են ուղիղ ճանապարհից, քանիսնե՞րը գլորվում են փոսերն ու խորխորատները, գիշերային խավարը որքա՜ն վնասներ է պատճառում անհայտության մեջ խարխափող արարածներին...

«Ինձ համար, փառք աստուծո, այդ արևը ծագեց ավելի վաղ, քան իրավունք ունեի սպասել։ Այժմ արդեն ճանաչեցի, թե որտեղի՞ց են սկիզբն առնում մոլորության ճանապարհները, և որտե՞ղ են ծածկվում փոսերն ու խորխորատները... ճշմարիտ է, այդ ծանոթույունը ձեռք բերելու համար 'ժամանակի հետ միասին զոհեցի նաև իմ քնքուշ զգացմունքներից.