Այս էջը հաստատված է

— Դու ես մոռացել, պարո՛ն: —

— Ոչ, տիկին, դու ես մոռացել:

— Մի՛ վիճեք. իմ կարծիքն էլ հարցրեք,— միջամտեցի ես:

— Խոսեցեք իբրև հոգեբան,— վրա բերավ Մաթիլդը:

— Իմ կարծիքը այն է, պարոն, որ այն ժամանակվա օրիորդ Մաթիլդը, եթե ձեզ վրա ուղղակի չէ նայել, այդ արել է ամոթխածությունից, իսկ թե շառագունել է, այդ արդեն եղել է գաղտնի սիրո հուզմունքից։ Որովհետև, եթե նա դեռ ձեզ չպատահած ձեզ վրա է եղել մտածում, անկարելի էր, որ ձեզ հետ ծանոթանալու ժամանակ բարկությունից շառագուներ։

— Ապրեք, ճիշտ նկատեցիք,— հարեց Մաթիլդը ծիծաղելով,— բայց ես այլևս չեմ շարունակիլ իմ պատմությունը,— ավելացրեց նա։

— Ինչո՞ւ,— զարմացած հարցրի ես։

— Որովհետև ամուսինս ընդհատում է ինձ — ասաց նա և սկսավ բարձրաձայն ծիծաղել։

— Խոստանում եմ, որ այլևս չընդհատեմ։

— Ուրեմն ավելի ևս չեմ շարունակիլ։

— Ինչո՞ւ,— հարցրեց ամուսինը։

— Որովհետև կամենում եմ, որ դու միշտ ընդհատես, միշտ խանգարես ինձ...— մեղմով ժպտալով պատասխանեց Մաթիլդը և սկսավ լուռ և քնքշությամբ նայել ամուսնուն, մոռանալով, կարծես, մի երրորդ անձի ներկայությունը։ «Դարձյալ գժվեցան»,— մտածեցի ինքս ինձ. և դառնալով տիկնոջը, հարցրի.

— Չե՞ք կամենում, ուրեմն, շարունակել ձեր պատմությունը։

— Իմ պատմությունը,— կարծես սթափվելով հարցրեց նա։

— Այո՛, ես հետաքրքրությամբ սպասում եմ նրա վախճանին։

— Օ՜, նրա վախճանը դուք արդեն տեսնում եք,— նկատեց նա ժպտալով: