Նկուղի դռան բարավորի վրա կախված էր շքեղ ճակատագիր (вывеска), որի վրա ոսկեզօծ տառերով և ռուսերեն Լեզվով մակագրված էր. «Իսկական Կախեթի գինիների պահեստ— Մանաս Թոփչյանի»։ Վահանը կարդաց ճակատագիրը և ինքն իրեն մտածեց. «Ամեն քայլափոխում ստության ես հանդիպում։ Այս մարդը, յուր գինիների մեծ մասը իմ հայրենիքումն է գնում, բայց այստեղ հայտարարում է թե իսկական Կախեթի գինիներ է վաճառում։ Արդյոք սա էլ խաբելու միջոց չէ՞, և տասը հաճախորդից գոնե հինգը չի պիտի խաբվին այս հայտարարությունիցս։
Քիչ էր մնում, որ այս փոքրիկ խորհրդածությունը ետ դարձներ միամիտ երիտասարդին դեպի յուր կացարանը. բայց նա շուտով խելքի եկավ,«էհ, ի՞նչ իրավունք ունիմ ուրիշների գործը քննելու,— մտածեց նա,— բավական է որ ինքս չլինեմ ստողն ու խաբողը...»։
Այս ասելով նա քարե սանդուղքներից ներքև իջավ։
Գինետան մեջ խռնված էր խառնիճաղանջ մարդկանց բազմություն։ Ոմանք սեղանների շուրջը նստած խմում ու երգում էին։ Դրանք դրսերից եկած գեղջուկ հյուրեր էին, որոնց գինետան հատուկ գործակալները վաճառատեղիներում պատահելով գրավում ու բերում էին այդտեղ, որպեսզի մի շամփուր խորովածի հետ (որր գինեվաճառը ձրի էր տալիս) խմացնեն նրանց տասնյակ շիշ գինի, որը, իհարկե, ձրի չէր տրվում։ Այդ կարգի հյուրերը մտնում էին այստեղ առավոտյան ժամը 10—12-ին և դուրս էին գալիս կես-գիշերին հարբած և նյութական ու ֆիզիկական ուժից ընկած։
Ուրիշները գինետան սեղանափակի (застойка) շուրջը խմբված հերթով մի-մի բաժակ գինի կամ օղի էին խմում և մի կտոր սև հաց, սոխ, կամ աղած վարունգ բերանները առնելով հեռանում էին։ Դրանք մեծ մասամբ արհեստավորներ կամ բանվորներ էին, որոնք աշխատանքից վերադառնալով անհրաժեշտ պարտք էին համարում, ըստ սովորականին, պատվել Մանասի գինետունը իրենց այցելությամբ և մի-մի բաժակ կենաց ջուր կոնծել այդտեղ։ Այդ, իսկապես, անհրաժեշտ էր նրա համար, որ տուն վերադառնալուց զվարթ տրամադրության